Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը («Ազգային ժողովրդավարական բևեռ»)։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 602 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 71 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 67քվե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 9 քվե։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին անվավեր է ճանաչել նաև 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները՝ քվեարկության օրն արձանագրված խախտումների հիմքով։












