«Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար»․ այս մասին հունիսի 12-ին երեք լրատվամիջոցի տված հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության համակիրների շրջանում ակտիվ քննարկվում է խորհրդարանական մանդատները վերցնել-խվերցնելոը հարցը։ Քոչարյանը նշեց, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ։
«Սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Եթե պայքարը պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց կրկնեմ՝ վերջնական որոշում չկա»,- ասաց Քոչարյանը
Հարցին, թե արդյոք մանդատներ վերցնելը չի հանգեցնի հերթական հինգ տարին պարզապես խորհրդարանում անցկացնելու, երկրորդ նախագահը պատասխանեց, որ նախորդ գումարման ընթացքում ընդդիմությունն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները։
«Ես չեմ տեսնում որևէ պահ, երբ կարող եմ ասել՝ մենք ի վիճակի ենք եղել անել ավելինը և չենք արել»,- հայտարարեց Քոչարյանը։
Քոչարյանի կարծիքով՝ նոր խորհրդարանում ընդդիմության հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ ընդդիմադիր ուժերն ավելի շատ մանդատներ են ստանում, իսկ քաղաքական դաշտում հայտնվել է նաև նոր ընդդիմադիր դերակատար։
Նա նաև նշեց, թե իշխանության լեգիտիմությունը լուրջ կասկածների տակ է, ինչը, ըստ նրա, փոխում է քաղաքական իրավիճակը։
․․․
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։
Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։












