Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Կարող ենք հաստատել, որ կա խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստ»,- գրել է նա X-ի իր էջում։ Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար։
«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այժմ»,- հավելել է նա։
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարող է ստորագրվել հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի օրը։
Թրամփն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթավերջին, հավանաբար Եվրոպայում։
Իրանական Mehr գործակալությունը հրապարակել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև 14 կետից բաղկացած հուշագրի նախագիծը։ Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրապարակված կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ ոչ մի կապ չունի։
Հունիսի 12-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում գրել էր, որ «Իսլամաբադյան փոխըմբռնման հուշագրի ստորագրումն երբեք այսքան մոտ չի եղել»։ Նա նաև կոչ էր արել լրատվամիջոցներին զերծ մնալ բանակցությունների բովանդակության վերաբերյալ շահարկումներից մինչև դրանց ավարտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում վերահրապարակել է Արաղչիի գրառումը՝ առանց մեկնաբանության։
Իրանի պետական Fars գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին ասել է, որ Իրանը հաղթող է դուրս եկել ԱՄՆ-ի հետ հակամարտությունից։ Նա նաև մեղադրել է Իսրայելին խաղաղության համաձայնագրի ստորագրումը խափանելու փորձերի մեջ։
Արաղչին նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հարցերը կքննարկվեն համաձայնագրի երկրորդ՝ եզրափակիչ փուլում, 60-օրյա բանակցություններից հետո։
Թրամփն էլ իր հերթին նշել է, որ համաձայնագրի արդյունքում Իրանը «երբեք չի ունենա միջուկային զենք», իսկ Հորմուզի նեղուցը կրկին կբացվի։
․․․
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։
Սակայն հունիսի 10-ին Իրանում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել:
ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ հրթիռներ էր արձակել, Իրան էլ ի պատասխան հարվածել էր տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։












