Երեք քաղաքական ուժեր հայտնել են, որ այսօր 18։00-ին պատրաստվում են հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։
Այդ ուժերն են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը հայտնել է, որ իրենք նույնպես պատրատ են «այսօրվանից սկիզբ առնող ցանկացած օրինական և քաղաքական պայքարի սցենարի»։
Հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին, ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ էր արել 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ։
«Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական-քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար», - գրել էր կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։












