Քաղաքական 6 ուժ համատեղ հայտարարությամբ կասկածի տակ են դնում հունիսի 7-ի ընտրությունների ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Այդ ուժերն են՝
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը
«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը
Նրանք արձանագրել են՝
1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»,- նշում են նրանք։
Այս հայտարարությանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում նշել է․ ««Եռագլուխ մաֆիան» ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով․ նա չունի և չի ունենալու, և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը, ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել «եռագլուխ մաֆիային», և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»:
Առանձին հայտարարությամբ հանդես է եկել նաև «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։
«Հունիսի 8-ին տարածած մեր հայտարարությամբ արդեն իսկ արձանագրել ենք, որ ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:

Այսօր կայացված որոշումը վերջնականապես ամրագրեց այդ փաստը և վերաբացեց համապետական ընտրությունների արդյունքների կեղծման այն էջը, որ մեր ժողովուրդը իր համառ պայքարով փակել էր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահին յուրացնում է 3/5-րդին վերապահված իշխանությունը, որը չի ստացել ժողովրդից ընտրությունների նույնիսկ վիճահարույց արդյունքներով», - նշել է կուսակցությունը։












