Գլխավոր Լրահոս

Ռուսաստա՞ն, թե՞ ԵՄ. պետք է հիասթափեցնեմ՝ Հայաստանում նման ընտրություն չկա

Երևան, Հայաստան, 7 հունիսի 2026 թ.: Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը՝ Եվրոպական միության պաստառի ֆոնին (Լուսանկարը՝ Yan Khachko/SOPA Images/LightRocket via Getty Images)

Երևան, Հայաստան, 7 հունիսի 2026 թ.: Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը՝ Եվրոպական միության պաստառի ֆոնին (Լուսանկարը՝ Yan Khachko/SOPA Images/LightRocket via Getty Images)

Լեհական TVP հանրային հեռուստաընկերության Centrum Europy տեղեկատվական-վերլուծական կայքը զրուցել է ՍիվիլՆեթի լրագրող, մեկնաբան Արշալույս Մղդեսյանի հետ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների և այն մասին, թե ինչու հաղթեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չնայած այն բանին, որ երկիրը վերապրել է վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամը։ Հոդվածը լեհերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։

-Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդում էր, որ ընդդիմությունից «հաղթանակը խլելու» փորձի դեպքում երկիրը կարող է հեղափոխության բախվել։ Սակայն, որքանով հասկանում եմ, ընտրություններից հետո բողոքի ցույցեր չեղան:

Ընդդիմությունը բավարար քաղաքական ներուժ չունի նման գործընթացներ սկսելու համար։ Նրա կորիզը դեռևս կազմում են նախկին քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչները։ Նրանցից շատերն հնարային ըկալման մեջ բացասական հետագիծ ունեն դեռ այն ժամանակներից, երբ իշխանության ղեկին էին։

- Ներկայումս ո՞ր խմբերն են Նիկոլ Փաշինյանին ամենակայուն աջակցությունը ցուցաբերում:

Փաշինյանը չի հենվում մեկ հստակ ընդգծված սոցիալական խմբի վրա։ Նրա ընտրազանգվածը բավականին բազմազան է, սակայն սոցհարցումները ցույց են տալիս հատկապես բարձր աջակցություն 50-ն անց քաղաքացիների շրջանում։ Եվ այդ ցուցանիշն անընդհատ փոխվում է։

Դրա վրա ազդել են, ի թիվս այլնի, վերջին տարիներին ներդրված սոցիալական նպաստները։ Բացի այդ, հենց այս սերունդն է ամենաշատը տուժել նախկին իշխանությունների օրոք և դրա համար էլ գիտակցաբար աջակցել է 2018 թվականի քաղաքական փոփոխություններին [«Թավշյա հեղափոխությանը» - խմբ.]։ Այստեղից էլ նրանց վերաբերմունքը ներկայիս կառավարության նկատմամբ, կարելի է ասել, նման է ծնողի վերաբերմունքին իր երեխայի հանդեպ, ով երբեմն կարող է չարաճճիություն անել, ինչ-որ սխալ թույլ տալ, որի համար նրան կարելի է պատժել։ Բայց երբ որևէ այլ մեկը նրան սպառնում է, ծնողները սարի պես կանգնում են նրա թիկունքին։ Նրանք կարող են Փաշինյանի մասին տարբեր բաներ խոսել, բայց եթե նախկին էլիտայի որևէ ներկայացուցիչ սկսում է նրան քննադատել, միանգամից հակադարձում են. «Իսկ դո՞ւ ինչ ես արել, երբ իշխանության էիր»։

Նիկոլ Փաշինյանին սատարող հանրահավաքի մասնակիցները Երևանում։ Հայաստան, 5 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)
Նիկոլ Փաշինյանին սատարող հանրահավաքի մասնակիցները Երևանում։ Հայաստան, 5 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)

- Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը երիտասարդ ընտրողների շրջանում:

Աջակցությունն ավելի շուտ նվազում է։ Երիտասարդների մեծ մասը չի հիշում նախկին էլիտայի կառավարումը կամ մինչև վերջ չի գիտակցում, թե այն ժամանակ ինչպիսին էր իրականությունը։ Նրանք նաև մեծամասամբ ապաքաղաքական են։ Սակայն նրանք մեծացել են մի միջավայրում, որտեղ կարևոր դեր են խաղացել ծնողների փոխանցած արժեքները։ Ուստի նրանցից շատերի համար շարունակում է կարևոր մնալ պատմական հիշողությունը և կապվածությունն այն կառույցներին, որոնք հայկական ինքնության կարևոր տարր են կազմում։

Երբ նրանք տեսնում են, որ այդ ինքնության հիմքերը սկսում են տատանվել (Փաշինյանի հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, կամ նրա հայտարարությունները, որոնք ակնհայտորեն տարբերվում են մի քանի տարի առաջվա հռետորաբանությունից), որոշակի դիսոնանս է առաջանում։ Շատ երիտասարդների համար կայունությունը նույնպես սկսում է ասոցացվել ավելի շուտ լճացման, քան զարգացման հետ։

Մինչդեռ հենց երիտասարդությունն էր 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» շարժիչ ուժը։ Այն ժամանակ Փաշինյանը նրանցից շատերի համար կուռք էր՝ փողոցից եկած մարդ, ով հանուն արդարության զոհաբերեց սեփական հարմարավետությունը՝ յուրատեսակ Չե Գևարա։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասը չի ընդունում տեղի ունեցող փոփոխությունները, ինչն իր արտացոլումն է գտնում նաև սոցիոլոգիական հետազոտություններում։

Սակայն դսա դեռ չի նշանակում, որ պետք է խոսել սերունդների միջև կոնֆլիկտի մասին։

- Փաշինյանին ուղղված ամենահաճախ հնչող մեղադրանքների շարքում հիմնականում լսել եմ այն, որ նա հանձնեց Ղարաբաղը, անտեսեց արցախյան առաջին պատերազմի հերոսներին, չափազանց երկար է մնում իշխանության ղեկին, քաղաքական նպատակներով օգտագործում է կենսաթոշակների բարձրացումը կամ որ նա չափազանց բաց է Թուրքիայի նկատմամբ։ Որևէ բան բաց թողե՞լ եմ:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը վայելում էր աննախադեպ բարձր հանրային աջակցություն։ Պատերազմից հետո Հայաստանի հասարակությունն աննախադեպ կերպով բևեռացավ։ Քաղաքացիների մի մասը շարունակում է սատարել նրան, իսկ մյուս մասը խիստ քննադատաբար է տրամադրված նրա նկատմամբ և կարող է նրա հասցեին մեղադրանքների մի ամբողջ շարան թվարկել։ Նույնը կարելի է ասել նախկին էլիտաների ներկյացուցիչներից կազմված ընդդիմության մասին: Ուստի շատ ընտրողներ քվեարկում են ոչ այնքան «կողմ» Փաշինյանին, որքան նախկին վերնախավի վերադարձին «դեմ»։

Դա բացատրում է նաև ընտրություններից հետո քաղաքական լարվածության բարձր մակարդակի պահպանումը։ Ընդդիմությանը մեծամասամբ շարունակում են ներկայացնել նույն դեմքերը, ինչ նախկինում, իսկ իշխանությունների հռետորաբանությունը նրանց նկատմամբ մնում է բավականին կոշտ ու անզիջում։

- Կարելի՞ է արդյոք ասել, որ Փաշինյանը նույնիսկ չի փորձում իր կողմը գրավել ընդդիմության ընտրողներին:

Եթե նման հնարավորություն ընձեռվեր, նա անպայման կօգտվեր դրանից։ Սակայն ներկայումս դա նրա գլխավոր նպատակը չէ։ Նա ռեալիստ է, և հասկանում է, որ ներկա պայմաններում ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասին իր կողմը քաշելը գործնականում անհնար է։

Ուստի նրա ռազմավարությունը հիմնված է իր կողմնակիցների առավելագույն համախմբման և իրեն մոտ կանգնած քաղաքական շրջանակներում աջակցության ավելացման վրա։ Փաշինյանին հաջողվեց առավելագույնս իր շուրջը կենտրոնացնել այսպես կոչված հեղափոխական ընտրազանգվածը և գործնականում մենաշնորհել այդ քաղաքական դաշտը։ Արդյունքում՝ նույն միջավայրից դուրս եկած և նմանատիպ արժեքներ դավանող ուժերը ստացան մարգինալ աջակցություն՝ 0.3, 0.5 կամ 0.7 տոկոսի չափով։

Խորհրդարանական ընտրությունների թեկնածուների նախընտրական պաստառները Երևանում։ Հայաստան, 6 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)
Խորհրդարանական ընտրությունների թեկնածուների նախընտրական պաստառները Երևանում։ Հայաստան, 6 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)

- Հայերը, որոնց հետ ես զրուցել եմ, հաճախ ասում էին, որ եթե իրենց Եվրամիության և Ռուսաստանի միջև ընտրության առաջ կանգնեցնեին, իրենք չէին կարողանա որոշում կայացնել:

Ստիպված եմ Ձեզ հիասթափեցնել. Հայաստանում նման ընտրություն առհասարակ չկա։ Դա ավելի շուտ քաղաքական խոսույթ է, որն օգտագործվում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից (թեև նախևառաջ իշխող շրջանակների), որոնք 2021 թվականից հետո փորձում էին այդ կերպ վերականգնել իրենց խարխլված քաղաքական լեգիտիմությունը։

2021 թվականից հետո հասարակության մեջ իսկապես մեծացավ հիասթափությունը Ռուսաստանից այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ վերջինս Հայաստանին չցուցաբերեց այն աջակցությունը, որն ակնկալում էր հանրության մի մասը։ Նախկինում տևական ժամանակ այն հայերի շրջանում վայելում էր համակրանքի շատ բարձր մակարդակ. որպես դաշնակցի՝ նրան դրական էր գնահատում հասարակության մոտ 80%-ը։ Միաժամանակ սպասելիքներ առաջացան Եվրոպայի նկատմամբ։ Իշխանությունները տեսնում են դա և համապատասխանաբար արձագանքում են։ Ուստի, քանի որ նման տրամադրություններ կան, ինչո՞ւ չխոսել եվրոպական ուղղության քաղաքականության մասին։

Այո, Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Սակայն այսօր դեռ շատ վաղ է խոսել անդամակցության իրական հեռանկարի մասին։ Անգամ բանակցություններ չեն ընթանում ԵՄ միասնական մաքսային տարածք մուտք գործելու վերաբերյալ։ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և ձևականորեն շարունակում է մնալ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում։ Այդ իսկ պատճառով եվրոպական ուղղության վերաբերյալ ներկայիս հայտարարությունները մեծամասամբ խորհրդանշական բնույթ են կրում և թույլ են տալիս իշխանություններին ամրապնդել իրենց դիրքերը ներքին լսարանի համար։

- Դա հանգեցրեց Ռուսաստանի հետ հարաբերություններում տնտեսական ճգնաժամի։ Արդյո՞ք մենք տեսնում ենք Երևանի վրա ճնշման որևէ դրսևորում:

Իհարկե, Մոսկվային դա դուր չի գալիս։ Սակայն Հայաստանի իշխանությունները գիտակցաբար խուսափում էին էսկալացիայից և փորձում էին ի հայտ եկող խնդիրները ներկայացնել որպես արհեստական լարվածություն, այլ ոչ թե քաղաքական կոնֆլիկտ։ Նրանք կոշտ չէին արձագանքում ռուսական կողմի բավականին կտրուկ հայտարարություններին, այլ հակառակը՝ փորձում էին դրանց վերաբերվել որպես սովորական մի բանի և չափազանց մեծ նշանակություն չտալ։ Տրամաբանությունը պարզ էր՝ կանցնեն ընտրությունները, կրքերը կհանդարտվեն, և հարաբերությունները հնարավոր կլինի կրկին տեղափոխել ավելի պրագմատիկ հուն։ Ուստի շատ բան կպարզվի միայն ընտրություններից հետո։

Հակառուսական պաստառներ՝ «Մի եղիր Մոսկվայի մանրադրամը» կարգախոսով, Երևանում։ Հայաստան, 6 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)
Հակառուսական պաստառներ՝ «Մի եղիր Մոսկվայի մանրադրամը» կարգախոսով, Երևանում։ Հայաստան, 6 հունիսի 2026 թ.: (Լուսանկարը՝ Աննա Մալաշ, centrumeuropy.pl)

- Գուցե այդ դեպքում, նոր պաշտոնավարման ընթացքում վարչապետն իր առաջին արտասահմանյան այցով Մոսկվա՞ մեկնի:

Ես դա չէի բացառի։ Այսօր Ռուսաստանի հետ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Դեռ ընտրություններից առաջ երկու կողմերը պայմանավորվել էին հանդիպել նախընտրական քարոզարշավի ավարտից հետո։ Շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով նրանք պատրաստ կլինեն կուտակված խնդիրները վերածել ընթացիկ համագործակցության ավելի պրագմատիկ ձևաչափի։

Հայաստանի տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ոչ մի տեղ չի անհետացել։ Գյուղատնտեսությամբ ապրող մոտ 300 հազար ընտանիք կախված է ռուսական շուկայից, իսկ գազի մեծ մասը շարունակում է ներկրվել Ռուսաստանից՝ քաղաքական համաձայնություններով պայմանավորված արտոնյալ գներով։ Ուստի երկու պետությունների միջև երկխոսությունը կշարունակվի։

Սակայն Մոսկվայում հասկանում են, որ Բրյուսելի հետ մերձեցման մասին հայտարարությունները դեռ չեն նշանակում անդամակցություն։ Դա կպահանջեր բարեփոխումների երկարատև գործընթաց և մի շարք պայմանների կատարում։

- Ըստ վերջին հարցումների՝ Հայաստանի բնակիչների մոտ 75 տոկոսն աջակցում է երկրի անդամակցությանը ԵՄ-ին։ Միևնույն ժամանակ, գտնվելով այստեղ, ես նկատեցի, որ թեև շատ հայեր քննադատաբար են գնահատում Կրեմլի քաղաքականությունը, դա չի անդրադառնում ռուսների՝ որպես ազգի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Կարծես թե այստեղ ռուսներին գրկաբաց են ընդունում:

Այո։ Հայաստանցիների մեծամասնությունը, կարծում եմ, խոսում է ռուսերեն, և ռուսներն իրենց այստեղ շատ հարմարավետ են զգում։ Դա Հայաստանին շոշափելի տնտեսական օգուտներ է բերում։ Խոսքը զբոսաշրջության, ներդրումների, բիզնես գործունեության, ՏՏ ոլորտի մասին է։ Այստեղ գործում են նաև բազմաթիվ բիզնեսներ, որոնք հիմնադրել են ՌԴ-ից ներգաղթյալները՝ սրճարաններ, ռեստորաններ կամ փոքր արտադրամասեր։ Նրանց վաստակած գումարները հոսում են հայկական բանկեր։

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ, 1 ապրիլի 2026 թ., Մոսկվա, Ռուսաստան (kremlin.ru)
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ, 1 ապրիլի 2026 թ., Մոսկվա, Ռուսաստան (kremlin.ru)

- Համաձայն հասարակական կարծիքի հարցումների՝ հայերն այսօր երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը համարում են Ադրբեջանը, այնուհետև Թուրքիան, հետո երկար դադար, ու նոր միայն Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավում խիստ շեշտադրում էր Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը...

Այո, պատմական վախերը հասարակության մեջ դեռևս առկա են։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների մոտ 50%-ը, աջակցելով Փաշինյանին, դեմ չէ այդ ուղեգծին։ Ընդամենը մի քանի տարի առաջ նման հայացքներ ունեցող մարդիկ հանրային բանավեճերի լուսանցքում էին։

- Եվ փոխադարձությո՞ւն են ակնկալում:

Իհարկե։ Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ նախևառաջ ակնկալիքները թուրքական կողմից են, քանի որ Հայաստանն արդեն արել է այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր։ Եթե այս վիճակը ձգձգվի, կարող է ամրապնդվել այն համոզմունքը, որ անհնար է հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, հայ-թուրքական երկխոսության մեջ այսօր չկան որևէ սկզբունքային երկկողմ խնդիրներ, որոնք ինքնին անհնար կդարձնեին հարաբերությունների կարգավորումը։

- Այս թեման վաղուց արդեն հայկական արտաքին քաղաքականության կենտրոնական առանցքը չէ և չի գտնվում բանակցությունների ներկայիս օրակարգում։

Գլխավոր խնդիրն այն է, որ Անկարան մեծամասամբ առաջնորդվում է Բաքվի դիրքորոշմամբ։ «Պոչը շարժում է շանը»։ Թուրքական տեսանկյունից դա բավականին ռացիոնալ ընտրություն է։ Չէ՞ որ Ադրբեջանից հոսում են փողեր, նավթ, գազ, ներդրումներ և բազմաթիվ այլ օգուտներ, որոնք Հայաստանը ի վիճակի չէ առաջարկել համադրելի մասշտաբներով։ Ուստի դժվար է ակնկալել, որ Թուրքիան կվտանգի Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը հանուն ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող պետության։ Նրա տեսանկյունից դա պարզապես ձեռնտու չէր լինի։

Ավելին, Ադրբեջանին սատարելը դարձել է թուրքական տարածաշրջանային քաղաքականության կարևոր տարր։ Անկարան պարբերաբար ընդգծում է, որ համակարգում է իր գործողությունները Բաքվի հետ և հաշվի է առնում նրա դիրքորոշումը առանցքային հարցերում։ Դա Թուրքիային բերում է նաև շոշափելի քաղաքական և տնտեսական շահաբաժիններ։

Թուլուզից հայերն ու ասորիները հավաքվել են՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Թուլուզ, Ֆրանսիա, 24 ապրիլի 2018 թ.: (Լուսանկարը՝ Alain Pitton/NurPhoto via Getty Images)
Թուլուզից հայերն ու ասորիները հավաքվել են՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Թուլուզ, Ֆրանսիա, 24 ապրիլի 2018 թ.: (Լուսանկարը՝ Alain Pitton/NurPhoto via Getty Images)

- Ադրբեջանի հետ պատերազմից հետո կարող էր թվալ, որ հասարակությունը կտրականապես դեմ կլինի այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մինչդեռ շատ հայեր այսօր պատրաստ են ընդունել սահմանների բացումը և հարաբերությունները նորովի դասավորելու փորձը:

Շատերն են հասկանում, որ դա անհրաժեշտություն է, որ այլ ելք չկա, և որ այլընտրանքը կարող է լինել հակամարտության հերթական էսկալացիան ու հետագա տարածքային կորուստները։ Այս իրավիճակում պետք կլիներ լինել քաղաքական կամիկաձե՝ այլ քաղաքականություն վարելու որոշում կայացնելու համար։

Տարիներ շարունակ թվում էր, թե անհրաժեշտության դեպքում կբացվի «ռուսական հովանոցը»։ Հենց դրա համար էր, որ դեռ պատերազմից առաջ կարելի էր թաքնվել դրա տակ և ժամանակ առ ժամանակ «կպնել» Թուրքիային։ Սակայն հովանոցը ծակ դուրս եկավ։

- Ղարաբաղյան պատերազմը մինչ օրս խորապես պառակտում է հայերին։ Ես հաճախ լսել եմ, որ դրա կորստի համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից, շատ փորձագետներ պնդում են, որ Հայաստանն ուղղակի այլևս բավարար ռեսուրս չուներ այդ տարածաշրջանն իր վերահսկողության տակ պահելու համար:

Եթե նայենք ռազմական ծախսերին, աշխարհագրությանը կամ ժողովրդագրությանը, ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ Ադրբեջանը շատ առումներով գերազանցում էր Հայաստանին։

Սակայն կան ռազմական փորձագետներ և նախկին զինվորականներ, ովքեր հիշեցնում են, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իրավիճակը նույնպես մեր օգտին չէր։ Նրանք ասում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը տիրապետում էր շատ ավելի մեծ ծավալի սպառազինության, բայց մենք ավելի լավ էինք կազմակերպված, կարողանում էինք ճիշտ դիվանագիտություն վարել, ստացանք Ռուսաստանի աջակցությունը և այլն։ Նրանց կարծիքով՝ եթե առաջին պատերազմից հետո լուրջ ներդրումներ արվեին զինված ուժերում և իրական նախապատրաստություն տարվեր հերթական հակամարտությանը, ապա Ղարաբաղը հնարավոր կլիներ պահել։ Դրանում որոշակի տրամաբանություն կա։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ քանակական և երբեմն անգամ ֆինանսական առավելությունը միշտ չէ, որ վճռորոշ դեր է խաղում, եթե մյուս կողմում կա բարձր կազմակերպվածություն, տեխնոլոգիաներ, պատրաստված զինվորներ և արդյունավետ հրամանատարություն։

Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Մեր ռազմավարությունը մեծամասամբ հիմնված էր այն ենթադրության վրա, որ ոչ ոք, և առաջին հերթին Մոսկվան, թույլ չի տա լայնածավալ զինված հակամարտություն։ Ենթադրվում էր, որ եթե անգամ այն բռնկվի, մենք կդիմանանք մեկ կամ երկու շաբաթ, իսկ հետո կգան «մեծ խաղացողները» և կկանգնեցնեն այն։ Այդպես չեղավ, քանի որ մենք թերագնահատեցինք, թե որքան ինքնուրույն է դարձել Ադրբեջանը որոշումներ կայացնելիս։

Երբ սկսվեց պատերազմը, մենք դրան պատրաստ չէինք։ Միայն դրա ընթացքում մենք սկսեցինք հասկանալ, թե ինչպես պետք է կռվել, պարզապես արդեն չափազանց ուշ էր։ Մարտերի ավարտից հետո բացարձակ հավատ առաջացավ, որ ռուս խաղաղապահներն այնտեղ երկար կմնան։ Մարդիկ վերադառնում էին իրենց տները, աստիճանաբար վերակառուցում իրենց կյանքը։ Սակայն անգամ այն ժամանակ չկար ըմբռնում, որ Բաքվի համար «ոչ լիարժեք հաղթանակը» տարբերակ չէր, և նա սպասում էր հարմար պահի։ Այն վրա հասավ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Ռուսաստանը ստիպված եղավ իր ռեսուրսները կենտրոնացնել այնտեղ՝ փաստացիորեն թուլացնելով իր ներկայությունն այլ ուղղություններում։ Դա հանգեցրեց Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատմանը։ 

Մինչդեռ Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունները հանգեցրին նոր ստատուս քվոյի։ Երկու պետությունների համար մանևրելու տարածքն ընդլայնվեց։ Հայաստանն սկսեց ավելի ակտիվորեն զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Այս ամենը (որքան էլ դա ողբերգական լինի հայկական կողմի համար, հնարավոր դարձավ Ղարաբաղի կորստից) տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացումից հետո։

- Եվ այնուամենայնիվ, Փաշինյանը վերապրեց Ղարաբաղի պարտությունը և ութ տարվա կառավարումից հետո սկսում է իր հերթական ժամկետը:

Տեսեք, օրինակ, հենց սահմանամերձ գյուղերում, որոնք առավել շատ տուժեցին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման արդյունքում, կարելի էր սպասել Փաշինյանի կառավարման դեմ դժգոհության ամենամեծ ալիքը։ Բայց պետությունն այնտեղ մեկնարկեց աջակցության լայնածավալ ծրագիր, հատկապես բնակարանաշինության ոլորտում։ Եթե ինչ-որ մեկը հողամաս ունի, տան կառուցման ծախսերը հոգում է պետությունը։ Ներկայումս կառուցվում է մոտ չորս հազար նման տուն։ Արդյունքում՝ որոշ բնակավայրերում, որոնք կորցրել էին իրենց տարածքների մի մասը, Փաշինյանի կուսակցությունը ստացավ բարձր աջակցություն։

- Իսկ անզեն աչքով տեսանելի ո՞ր փոփոխություններն եք համարում վարչապետի ամենակարևոր ձեռքբերումները:

Կարելի է ասել, որ բանակը վերակառուցվում է։ Գնվել են նոր սպառազինություններ և իրականացվել մի շարք բարեփոխումներ։ Թե որքանով դրանք արդյունավետ կլինեն, այսօր դժվար է գնահատել, սակայն տարբերությունն արդեն իսկ տեսանելի է։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, Փաշինյանի շատ քննադատներ հաշվի չեն առնում, թե որքան է բարելավվել կենսամակարդակը։ Անհետացել է համակարգային կոռուպցիան։ Զգալիորեն բարելավվել են ենթակառուցվածքները՝ ճանապարհներ և կոմունիկացիաներ, կառուցվել են նոր դպրոցներ և մանկապարտեզներ։ Աճել են նաև աշխատավարձերը։ Չնայած COVID-ի համավարակին և պատերազմի հետևանքներին՝ տնտեսությունը շարունակում է աճել ավելի արագ, քան միջին եվրոպականը՝ տարեկան մոտավորապես 6–8%: Պետք է կույր լինել՝ դա չնկատելու համար։

- Ո՞ր ռազմավարությունն է այսօր առավել իրատեսական թվում Հայաստանի համար:

Դիվերսիֆիկացիան (բազմազանեցումը)։ Մինչ վերջերս Հայաստանի համար սպառազինության գլխավոր մատակարարը Ռուսաստանն էր։ Սակայն 2022 թվականից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանն ինքը ռեսուրսների խնդիրներ ունի՝ պայմանավորված Ուկրաինայի պատերազմով։ Ուստի Հայաստանն սկսեց զենք գնել այլ վայրերից։ Այսօր խոշորագույն մատակարարը Հնդկաստանն է, այնուհետև՝ Ֆրանսիան և մի քանի այլ երկրներ։

Նմանատիպ իրավիճակ է նաև տնտեսության մեջ։ Եվրոպական շուկան գրավիչ է, բայց միևնույն ժամանակ՝ պահանջկոտ։ Գործում են որակի բարձր ստանդարտներ, բարդ սանիտարական պահանջներ, դրան գումարվում են լոգիստիկայի և մատակարարումների ծավալի հետ կապված հարցերը։ Այսօր, ճգնաժամի պայմաններում, ապրանքների մի մասը Եվրոպա է հասնում քաղաքական որոշումների շնորհիվ։ Որքա՞ն դա կտևի։ Ես չգիտեմ։ Ուստի Հայաստանը պետք է փնտրի նաև այլ շուկաներ, թեկուզև արաբական երկրներում, որտեղ բիզնես վարելը հաճախ ավելի պարզ է։

Երևանից՝ Աննա Մալաշ centrumeuropy.pl

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում