Գլխավոր Լրահոս

Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան․ ինչու է սահմանափակում ընդդիմության առաջնորդների ելքը

Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան․ ինչու է սահմանափակում ընդդիմության առաջնորդների ելքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ կետի տեսախցիկի՝ Ռոբերտ Քոչարյանին պատկերող տեսանյութը հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի տելեգրամյան ալիքում։ Այս մասին Մանուկյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է։  Նույն օրն ավելի վաղ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 14-ին եռօրյա և վաղուց պլանավորած անձնական այցով պատրաստվում է մեկնել երկրից։ Ավելի ուշ հայտնվեց Քոչարյանի՝ օդանավակայանի անցակետում անձնագիրը ներկայացնելու տեսանյութ։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,- հայտնել էին նախագահի գրասենյակից: 

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում անձնական այցով։

Հունիսի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել էր լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չէին տվել։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 

ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանն անդրադառնալով այդ հրապարակումներին՝ պարզաբանել է, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։

Հունիսի 12-ին սահմանափակվել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը երկրից։ 

Կարապետյանը հայտնել է, որ նկարահանող խմբի հետ փորձել է հատել հայ-վրացական սահմանը՝ Վերին Լարս մեկնելու և հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու համար։ Սակայն սահմանապահները տեղեկացրել են, որ նրա նկատմամբ ելքի սահմանափակում կա դրված, և թույլ չեն տվել հատել սահմանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում մրցակից ուժերի առաջնորդների նկատմամբ ելքի արգելքներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական էջերում հրապարակված տեսանյութում ասել է․ «Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու»։ 

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով սկսվել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով մի քանի տասնյակ ձայն էր պակասում 4-տոկոսանոց շեմը հաղթահարելու և  խորհրդարան անցնելու համար։ Վերահաշվարկի և տեխնիկական սխալների շտկման արդյունքում ԲՀԿ ձայները ավելացել էին 147-ով։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 222 ձայն էր ստացել, որոնք պակասել էին արդյունքները չեղարկելուց հետո։ Սա նշանակում էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ քվերակության արդյունքները անվավեր էին ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, վերաքվեարկության կազմակերպման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ամենայն հավանականությամբ կանցներ խորհրդարան։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում