Անապահովության նպաստի համակարգից դուրս մնալու արգելքները վերացվում են. ներկայացվել է նոր փոփոխությունները

Հայաստանում անապահովության նպաստի համակարգից կարիքավոր ընտանիքների դուրս մնալու պատճառ հանդիսացող գործոններն այլևս արգելք չեն հանդիսանա համակարգում ընդգրկվելու համար: Այս մասին հունիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
«Անապահովության գնահատման նոր համակարգը սկսել է փորձարկվել Կոտայքի և Սյունիքի մարզերում»,- նշել է փոխնախարարը։
Համակարգն ամբողջ հանրապետությունում ներդրվելու է հուլիսի 1-ից։
Փոխնախարարը մանրամասնել է, որ հիմնական գործոնը, որով որոշ ընտանիքներ նախկինում դուրս էին մնում համակարգից, եղել է նախկինում ունեցած վարկային պարտավորությունը կամ ինչ-որ մեկի համար երաշխավոր հանդիսանալը, ում կողմից վարկը չմարվելու պատճառով ընտանիքը զրկվում էր նպաստից: Այժմ նախարարությունը փոխել է վարկի վաղեմության ժամկետը և հստակ նշել, թե որքան ժամանակ մարումներ չպետք է լինեն, որպեսզի այդ գործոնը բացառող չհանդիսանա:
Վերացվել է 18-ից 22 տարեկան կրթություն ստացող անձանց տարիքային սահմանափակումը. անկախ տարիքից, եթե անձը ստանում է կրթություն կամ բարելավում մասնագիտական գիտելիքները, ապա նպաստի հաշվարկման բանաձևում նրան որպես աշխատունակ անձ եկամուտ չի վերագրվում: Նույն սկզբունքով, եթե ընտանիքի անդամը վերադարձել է զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից և դեռ վեց ամիսը չի լրացել, նրան ևս եկամուտ չի վերագրվում, քանի դեռ անձը աշխատանք չի գտել։
Լուսինե Քոչարյանը պարզաբանել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն ամեն ամիս նոր դիմում ներկայացնել համակարգին: Սա նշանակում է, որ եթե ընտանիքը նախկինում, օրինակ, վարկային պատմությամբ պայմանավորված դուրս էր մնացել, ապա փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կարող է ամեն ամիս ներկայացնել նոր դիմում նոր պայմաններով, որպեսզի թվային համակարգը վերագնահատի ընտանիքն ու ներառի անապահովության համակարգում:











