Գլխավոր Լրահոս

Հայկական ԱԷԿ-ում միջազգային փորձագետները գնահատել են կայանի անվտանգ շահագործումը

Հայկական ԱԷԿ-ում միջազգային փորձագետները գնահատել են կայանի անվտանգ շահագործումը

Հայկական ատոմային էլեկտրակայանում ավարտվել է միջազգային գործընկերային ստուգումը, որի ընթացքում գնահատվել է կայանի արտադրական գործունեությունը, հայտնում են Հայկական ԱԷԿ-ից։ Ստուգմանը մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետներ։

Նոյեմբերի 2-18-ն անցկացված ստուգումը կազմակերպել է Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնը։ Փորձագիտական խումբը ղեկավարել է կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։

Ստուգման նպատակն էր գնահատել Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործունեությունը, բացահայտել կայանի ուժեղ կողմերը և առանձնացնել այն ոլորտները, որոնցում առկա են հետագա բարելավման հնարավորություններ։

Փորձագետներն իրականացրել են արտադրական գործընթացների դիտարկումներ, ուսումնասիրել փաստաթղթեր և հարցազրույցներ անցկացրել կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվել են ստուգման արդյունքները, քննարկվել բացահայտված խնդիրների պատճառներն ու նպաստող գործոնները, ինչպես նաև կայանի գործունեության հետագա բարելավման հնարավորությունները։

Ըստ հաղորդագրության՝ գործընկերային ստուգումը կարևոր նշանակություն ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար։

Ստուգումն անցկացվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելու աշխատանքների ընթացքում։ Կառավարությունը դեռ 2023-ի սեպտեմբերի 14-ին հաստատել էր երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիրը։ Դրանով նախատեսվում են էներգաբլոկի տեխնիկական վիճակի գնահատման, սարքավորումների հետազոտման, անվտանգության և հուսալիության բարձրացման աշխատանքներ։

2026-ի հուլիսի 9-ին կառավարությունը սահմանել էր ծրագրի ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսված շուրջ 20,1 մլրդ դրամ վարկի տրամադրման պայմանները։

Հայաստանը միաժամանակ ուսումնասիրում է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորությունները։ Նոր ատոմակայանի կոնկրետ տեխնոլոգիայի և մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում է կայացնել մինչև 2027-ի ավարտը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում