Գլխավոր Լրահոս

Թոքաբորբն աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու կյանք է խլում․ վարակաբան

Թոքաբորբն աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու կյանք է խլում․ վարակաբան

Թոքաբորբն աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու մահվան պատճառ է դառնում, որոնցից շուրջ 600,000 մինչև 5 տարեկան երեխաներ են։ Այս մասին նոյեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդատու, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, մանկական վարակաբան Արմեն Օհանյանը։

Նոյեմբերի 13-ը նշվում է որպես թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր։

«Թոքաբորբը ինֆեկցիոն համար 1 մարդասպանն է համարվում, քանի որ մահացության ցուցանիշը շատ բարձր է։ Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 2,5 մլն մարդու կյանք է խլում թոքաբորբը, ընդ որում՝ շուրջ 600,000-ը մինչև 5 տարեկան երեխաներն են»,- ասել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ թոքաբորբի հիմնական հարուցիչներից է պնևմակոկը, որի դեմ կանխարգելիչ միջոց է պատվաստումը։ Օհանյանը նշել է, որ համապատասխան պատվաստանյութը լայնորեն կիրառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում։

«Թոքաբորբի հիմնական հարուցիչը պնևմակոկ միկրոբն է, ու դրա դեմ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է։ Տվյալ պատվաստանյութը շատ է կիրառվում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։ Հիմնական հարուցիչներից է նաև հեմոֆիլուս միկրոբը, որի համար էլ պատվաստանյութ կա»,- ասել է վարակաբանը։

Օհանյանն անդրադարձել է նաև հասարակության շրջանում տարածված սխալ պատկերացումներին՝ նշելով, որ մարմնի 37,2 աստիճան ջերմությունն ինքնին թոքաբորբի ախտորոշում չէ։ Նրա խոսքով՝ շատերը միայն ջերմաչափի ցուցանիշի հիման վրա ենթադրում են, թե թոքաբորբ ունեն, և փորձում են ինքնուրույն բուժվել։

Վարակաբանը զգուշացրել է, որ դեռ շարունակվում են յոդով վանդակների, կարագի և քացախով թրջված գուլպաների կիրառումը՝ որպես բուժման ժողովրդական միջոցներ։

Օհանյանի խոսքով՝ նման մոտեցումները կարող են հանգեցնել բժշկական օգնության ուշ դիմելու։ Մարդիկ, ենթադրելով, թե հիվանդը թոքաբորբ ունի, տանը փորձում են բուժել նրան ժողովրդական միջոցներով։ Սակայն, ըստ վարակաբանի, այդ մեթոդներն արդյունավետ չեն և կարող են վտանգել հարազատի կյանքը։

Նա ընդգծել է, որ հատկապես երեխաների հիվանդության դեպքում անհրաժեշտ է առնվազն կապ հաստատել բուժաշխատողի հետ՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև հեռավար խորհրդատվության հնարավորություններից։

Օհանյանն անդրադարձել է նաև Հայաստանում առողջապահության հասանելիությանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը բուժօգնության որակի և հասանելիության առումով կարող է լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը։

Վարակաբանի խոսքով՝ թեև քաղաքացիները հաճախ դժգոհում են բժշկին դիմելու համար մեկ-երկու օր կամ հերթում մեկ ժամ սպասելու անհրաժեշտությունից, նման հասանելիություն, իր գնահատմամբ, եզակի երկրներում է հնարավոր։

Օհանյանը կարևորել է հանրության իրազեկվածության բարձրացումը՝ բացատրելով, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի։

Նրա խոսքով՝ վիրուսային վարակից հետո ինքնազգացողության վատացման դեպքում միանշանակ պետք է դիմել բուժօգնության։ Իսկ եթե հիվանդի վիճակն աստիճանաբար բարելավվում է, աշխատունակությունը վերականգնվում է, ջերմությունն անցնում է, ապա, նրա գնահատմամբ, անհանգստանալու անհրաժեշտություն չկա։

«Ոչ մեկ չի պահանջում, որ պացիենտը ինքնուրույն կարողանա ինքն իրեն ախտորոշում դնի»,- ասել է վարակաբանը։

Օհանյանը նշել է, որ հանրության իրազեկումը պետք է իրականացվի երկու ուղղությամբ՝ քաղաքացիներին տեղեկացնել հիվանդության ժամանակ թույլ տրվող սխալների և իրենց իրավունքների մասին։ Նրա խոսքով՝ պացիենտները պետք է իմանան՝ ինչպես դիմել բուժօգնության, ինչպես նաև ինչ հնարավորություններ ունեն անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու համար։

Օհանյանը կարևորել է նաև բուժաշխատողների շարունակական մասնագիտական կրթությունը՝ նշելով, որ բժշկության մեջ յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, և մասնագետները կարող են սովորել միմյանց փորձից։

Նոյեմբերի 12-ին նշվում է Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թոքաբորբը երեխաների շրջանում վարակիչ հիվանդություններից մահացության հիմնական պատճառն է։ Այն կարող է առաջանալ բակտերիաների, վիրուսների և սնկերի հետևանքով։ Պնևմակոկի և B տիպի հեմոֆիլուս ինֆլուենցայի (Hib) դեմ պատվաստումները թոքաբորբի կանխարգելման կարևոր միջոցներից են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում