Երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվել, քանի որ դրանց անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Այս մասին հունիսի 16-ին Factor TV-ի տաղավարում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ անվավեր ճանաչված տեղամասերում բոլոր արդյունքները զրոյացվում են, իսկ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ընդհանուր պատկերը չի փոխվում։
«ԿԸՀ-ն արձանագրում է, որ անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Հիմա ձեր ասած խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս վարվել երեք տեղամասերի քվեարկությանը մասնակցած 3395 ընտրողների՝ իրենց քվեարկելու իրավունքը, ըստ էության, կորցնելու հետ։ Դուք ասում եք՝ մարդկանց զրկում եք իրենց սահմանադրական իրավունքից, բայց ես ասում եմ՝ հարցն այն է, թե անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքներն ազդե՞լ են ընդհանուր ընտրությունների վրա, թե՞ ոչ»,- ասել է Հովակիմյանը։
Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու վերաբերյալ հաշվարկներին՝ Հովակիմյանը դրանք «թվաբանական սխալ» է անվանել։ Նա նշել է, որ անվավեր ճանաչված տեղամասերում ԲՀԿ-ն, ինչպես մյուս ուժերը, ունի զրո ձայն, իսկ նույնիսկ այլ հաշվարկների դեպքում կուսակցության արդյունքը 3.99 տոկոս կկազմեր, ինչը բավարար չէ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։
ԿԸՀ նախագահը նշել է, որ առանձին տեղամասերում վերաքվեարկությունը կարող էր հանգեցնել «տակտիկական քվեարկության», երբ ընտրողները կփորձեին ազդել արդեն հայտնի ընդհանուր արդյունքների վրա։












