Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առանջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա մանրամասնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։

Նա նշեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2004 թվականին կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը։ Օրբելյանի պնդմամբ՝ այդ գործարքը որևէ կերպ չի վիճարկվել, և դրա հետ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

«Հետագայում՝ 2008 թվականին, երբ պարոն Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- մանրամասնել է նա։

Նրա խոսքով՝ այդ հատվածը վարձակալությամբ է հանձնված եղել, վարձակալը իր գումարներով սկսել է կառուցապատում իրականացնել, սակայն 2008 թվականին ֆինանսական որոշակի խնդիրներ է ունեցել և ներդրումներ փնտրելու ժամանակ առաջարկ է եղել նաև Սեդրակ Քոչարյանին, որը համապատասխան մասնակցություն է ունեցել այդ գործընթացում։

Հունիսի 16-ին հայտնի էր դարձել, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմը և նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 12 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը, հետևաբար, այս պահին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում