Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026թ. Խաղաղության համաշխարհային համաթիվը, որում Հայաստանը 163 երկրների շարքում 1.825 միավորով 51-րդ հորիզոնականում է։ Վարկանիշի առաջատարն Իսլանդիան է, իսկ վերջին հորիզոնականում Ռուսաստանն է։
Հայաստանը 7 հորիզոնականով բարելավել է դիրքն ու առաջատարն է Հարավային Կովկասում։ Ադրբեջանը և Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 110-րդ և 94-րդ տեղերը: Հայաստանում խաղաղության վիճակը գնահատվել է «բարձր» (2025թ․-ից սկսած):
Ըստ զեկույցի՝ դիրքերի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշվում է, որ երկու երկիրը 2025թ․ օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա քայլերը ներառում են սահմանազատում, վառելիքի մատակարարումներ և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցում:
Վերլուծության տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր միավորը բարելավվել է 4%-ով․ ամենամեծ առաջընթացը տեղի է ունեցել «հասարակական անվտանգություն և պաշտպանություն» բաղադրիչով՝ 9․3%։ Այս բաղադրիչում բռնի ցույցերի ցուցանիշը գրանցել է 42.9% բարելավում, իսկ քաղաքական ահաբեկչության ցուցանիշը՝ 33.3%: Աննշան բարելավում կա «շարունակվող ներքին և միջազգային հակամարտություններ» բաղադրիչով՝ 1.8%։












