Ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով. Արթուր Օսիպյան

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դադարեցնում է հացադուլն ու շարունակելու է պայքարն այլ ճանապարհով։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքում։
«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- գրել է նա։
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց՝ մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն էին տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։ Հունիսի 10-ին նրան ազատ արձակելու որոշում է կայացվել։
Թեմա










