Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն 34 մլն եվրո է հատկացրել Հայաստանին՝ ռուսական առևտրային սահմանափակումները մեղմելու համար

ԵՄ-ն 34 մլն եվրո է հատկացրել Հայաստանին՝ ռուսական առևտրային սահմանափակումները մեղմելու համար

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 մլն եվրո՝ մասնավոր հատվածի վրա ռուսական առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Գումարը տրամադրվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից երկու շաբաթ անց։ Պատվիրակության հաղորդմամբ՝ դա Ֆոն դեր Լայենի հայտարարած համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որն ընդգրկում է առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելու համար։

Աջակցությունը հիմնված է անցյալ ամիս Երևանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պայմանավորվածությունների վրա։ Կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայ արտադրողների համար շուկաների մատչելիությունը։

Սահմանափակումներից տուժած ոլորտները՝ ագրոպարենային արտադրությունը, ծաղկաբուծությունը և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, լրացուցիչ աջակցություն կստանան առևտրի խթանման, գործարար կապերի հաստատման և շուկաների հասանելիության ծրագրերի միջոցով։

Միջոցառումների իրականացումն ուղղորդելու և մշտադիտարկելու համար ԵՄ-Հայաստան տնտեսական դիմակայունության հատուկ խումբը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի խոսքով՝ Եվրամիությունը կանգնած է Հայաստանի կողքին որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի։

«Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»,- ասել է նա։

ԵՄ-ն վերջին տարիներին ընդլայնել է Հայաստանին տնտեսական աջակցությունը՝ դառնալով երկրի առևտրային հարաբերությունների բազմազանեցման հիմնական գործընկերներից մեկը։

Հանձնակատար Կոսը հուլիսի 5-ին այցելելու է Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում