Շվեյցարիայում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Նպատակն Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորումն ու Հորմուզի նեղուցի վերջնական վերաբացումն է։
Կատարի միջնորդությամբ ընթացող առաջին բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիա է ժամանել կիրակի առավոտյան։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է առաջընթաց գրանցել միջուկային հարցում և Լիբանանում հրադադարի հաստատման ուղղությամբ։
Իրանական պատվիրակությունը գլխավորում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին։ Ըստ իրանական կողմի՝ մեկօրյա բանակցությունների ընթացքում իրենց պատվիրակները նախ հանդիպելու են Կատարի և Պակիստանի պաշտոնյաների հետ, իսկ կեսօրից հետո կայանալու է ԱՄՆ-Իրան հանդիպումը՝ միջնորդների մասնակցությամբ։
Այս հանդիպումը հաջորդում է անցյալ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած փոխըմբռնման հուշագրին։ Փաստաթղթով կողմերին 60 օր ժամանակ է տրվում մշտական գործարք կնքելու համար։ Ժամանակավոր համաձայնագրով ԱՄՆ-ը վերացրել է իրանական նավահանգիստների շրջափակումը և խոստացել կասեցնել նավթային պատժամիջոցները։ Իրանը պարտավորվել է վերաբացել Հորմուզի նեղուցը, սակայն պահանջում է նավերի պարտադիր ապահովագրություն և իր թույլտվությունը։ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ծոցի արաբական երկրները դեմ են այս վճարներին։
Բանակցությունները մեկնարկում են լարվածության ֆոնին։ Թեհրանը շաբաթ օրը մեղադրել է Իսրայելին Լիբանանում հրադադարը խախտելու մեջ և հայտարարել Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին։ Իսրայելը, որը փետրվարի 28-ին սկսված պատերազմում ԱՄՆ դաշնակիցն է, ռազմական գործողություններ է մղում լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։ Իրանը պահանջում է լիբանանյան ճգնաժամի կարգավորումը ներառել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում և Վաշինգտոնին համարում է պատասխանատու Իսրայելի քայլերի համար։
Նեղուցը փակելու մասին Իրանի հայտարարությունը դեռևս չի ազդել նավագնացության վրա։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ շաբաթ օրը նեղուցով անցել է 55 առևտրային նավ՝ տեղափոխելով ավելի քան 17 միլիոն բարել նավթ։ Bloomberg-ի նավերի տեղորոշման տվյալները ցույց են տնում, որ Հնդկաստանի հետ կապված երեք տանկերներ կիրակի օրը շարունակել են ընթացքը Օմանի ծոցում՝ հավանաբար օգտվելով Թեհրանի թույլատրած երթուղուց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը նշել է, որ կողմերը բավարար ժամանակ ունեն վերջնական համաձայնության հասնելու համար, բայց նախազգուշացրել է, որ ձախողման դեպքում Վաշինգտոնը կդիմի կտրուկ քայլերի։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը պետք է հարգի խաղաղության այս գործընթացը, քանի որ այն ձեռնտու է ողջ տարածաշրջանին։












