Ավետ Ավետիսյան փողոցն առաջիկա երկու օրում կբացվի․ քաղաքապետարան

Ավետ Ավետիսյան փողոցն առաջիկա երկու օրվա ընթացքում կբացվի։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հունիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Ավետ Ավետիսյան փողոցը հիմնանորոգման նպատակով փակվել էր ապրիլի 3-ին։ Խորհրդային միության տարիներին կառուցված և քայքայված խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ:
«Պլանավորում ենք մաքսիմում երկու օրվա մեջ բացել Ավետա Ավետիսյան փողոցը։ Առաջին եռաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին և երկրորդ շերտերն արված են, աջ կողմում մայթի լայնացման աշխատանքներն ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է»,- ասել է Թևոսյանը։
Ավետ Ավետիսյան փողոցի փակման հետևանքով առաջացած խցանումներն էլ ավելի ընդլայնվեցին, երբ հիմնանորոգման համար հունիսի 17-ին փակվեց Աջափնյակն Արաբկիրին կապող Կիևյան կամուրջը։
«Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում»,- ասել է Թևոսյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեև գոհ է կամրջի վերանորոգման աշխատանքների տեմպից, միևնույն ժամանակ ընդգծել է, որ շինարարությունը խնդիրներ է ստեղծում երթևեկության համար։
Կազմակերպություն
Տեղադրություն










