Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 12-ին։ Տոնի առթիվ Հանրապետության հրապարակում համերգային ծրագիր է նախատեսված՝ հայ և արտասահմանցի արտիստների, DJ-ների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հունիսի 22-ին ասուլիսի ժամանակ։
«Այս տարի որոշակի նոր ձևաչափ ենք մտցնելու։ Կարծում եմ սա կնպաստի հետագայում տուրիստական մեծ ներհոսքի և մեր բրենդի՝ Վարդավառի՝ աշխարհով մեկ ավելի հայտնի դառնալուն»,- ասել է Հովհաննիսյանը։
Քաղաքապետարանի նախաձեռնած միջոցառումը մեկնարկելու է ժամը 12:00-ից։ Լինելու են մրցութային ծրագրեր, ֆուդկորտ, երեխաների համար՝ հատուկ ջրային գոտի։
«Հիմնական գաղափարը հետևյալն է, որ մենք որևէ տեղ որևէ բան չենք արգելելու, որևէ բան չենք սահմանափակելու, մեր քաղաքացիները նախորդ ժամանակներից արդեն ավանդական ձևավորված իրենց լոկացիաներում շարունակելու են տոնել»,- ասել է պաշտոնյան։












