Հայաստանը պետք է Ռուսաստանի աճող առևտրային սահմանափակումներին պատասխանի՝ ընդլայնելով իր արտահանման շուկաները և իրեն ավելի հստակ ներկայացնի Եվրոպական միությանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է բելգիացի տնտեսագետ Բրյունո Կոլմանը։
Կոլմանը Երևանում մասնակցել է տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրմանը նվիրված համաժողովի։ Նրա մեկնաբանությունները հնչում են մի ժամանակ, երբ Մոսկվան խստացրել է հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքների շարքը։
«Երբ կախված եք առևտրային գործընկերոջից, որը չափազանց գերիշխող է և ոչ միշտ համահունչ ձեզ հետ, դուք պետք է դիվերսիֆիկացնեք ձեր շուկաները»,- ասել է Կոլմանը։
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից սննդամթերքի մեծ մասի, ինչպես նաև կորիզավորների, ծաղիկների, փայտանյութի և պարարտանյութի ներմուծումը։ Ռուսաստանի գյուղատնտեսական անվտանգության գործակալությունը՝ Ռոսսելխոզնադզորը, պատճառ է բերել վնասատուների և բուսասանիտարական մտահոգությունները։ Ռուսաստանի այդ միջոցները հաջորդում են Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին և լայնորեն դիտվում են որպես քաղաքական ճնշում՝ Երևանի՝ դեպի Արևմուտք շրջադարձի համար։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտահանման շուկան է, ինչը սահմանափակումները դարձնում է ծախսատար։
Կոլմանը պնդել է, որ Հայաստանը պետք է նաև իրականացնի այն, ինչ ինքն անվանել է քաղաքական մարքեթինգ։ «Հայաստանի համար հնարավորություն կա անելու այն, ինչ ես կանվանեի քաղաքական մարքեթինգ, որպեսզի դառնաք ավելի ընթեռնելի, ավելի հասկանալի արևմտյան աշխարհի և Եվրոպական միության համար»,- ասել է նա։
Նա ԵՄ-ի ընդլայնումը նշել է որպես լավատեսության հիմք։ Ըստ նրա՝ 1989-ին Բեռլինի պատի անկումից հետո ԵՄ-ն ընդարձակվել է դեպի արևելք, ինչը տեղ է թողնում ավելի սերտ երկկողմ պայմանավորվածությունների համար՝ նույնիսկ այն երկրների հետ, որոնք չեն սահմանակցում նրան։
Կոլմանն ասել է, որ Բրյուսելն արդեն հաստատել է իր տեսակետի ճշմարտացիությունը։ «Հայկական ապրանքների նկատմամբ այս սահմանափակումները կիրառվելուց հետո Եվրոպան նույնպես հայտարարեց, որ պատրաստ է հայկական ապրանքների համար բացել արտոնյալ մուտք,- ասել է նա։- Դա լավ նշան է, և դա համահունչ է այն ամենին, ինչ ասացի շուկայի դիվերսիֆիկացիայի մասին»։
Եվրոպական հանձնաժողովն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել։ Հունիսի 4-ին հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասին, ներառյալ անհապաղ ֆինանսական աջակցությունը և հայկական գյուղատնտեսական ու պարենային ապրանքների առևտրի մուտքի դյուրացումը։ Նա Ռուսաստանի սահմանափակումները բնութագրեց որպես «տնտեսական հարկադրանք»։
Հանձնաժողովը նաև նախապատրաստում է այն, ինչ ինքն անվանում է ինքնավար առևտրային միջոցառումներ՝ հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով։ Միջոցառումները կընդգրկեն մոտ 20 ապրանքային կատեգորիա՝ տարեկան մոտ 420 մլն եվրո արժողությամբ։ Դրանք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հավանությունը։
Անի Փայտյան











