Հունիսի 24-ից 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սև ծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 28-ին։ Հունիսի 25-ին և 26-ին այն իր ազդեցությունը հիմնականում կթողնի Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հունիսի 24-ին ասուլիսի ժամանակ։
«Հունիսի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, հատկապես գիշերը և կեսօրյա ժամերին, երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ժամանակ առ ժամանակ առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ։ Այս ցիկլոնն իր հետ այսօր՝ հունիսի 24-ին, հյուսիս-արևմուտքից, Սև ծովի շրջաններից իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր ցերեկային ժամերին երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, և Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճան: Ամենատաք գոտիներն են՝ Սյունիքի հովտային գոտի, Տավուշի հովտային գոտի, Արարատյան դաշտ և Երևան»,- ասել է Սուրենյանը։
Հունիսի 28-ից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն նաև ցուրտօդային հոսանքները և հունիսի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում մոտ 2-4 աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Անդրադառնալով հուլիսին սպասվող ջերմաստիճանին՝ Սուրենյանը հայտնել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում: Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի, սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս:
«Հիմնական ջերմաստիճանն ամսվա ընթացքում հանրապետության լեռնային շրջաններում ցերեկային ժամերին կտատանվի՝ 24-ից 28, նախալեռնային հատվածներում՝ 30-ից 32, հովտային գոտիներում 32-ից 35 աստիճանի սահմաններում: Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես ամսվա երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում, դրանք են Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտի, Երևան, մեկ-երկու օր տատանվի 38-ից 40 աստիճանի սահմաններում։ Ընդհանուր առմամբ ամսվա մեծ մասը մենք ունենալու ենք հանրապետությունում կոմֆորտային ջերմաստիճան»,- ասել է Սուրենյանը։











