Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի արգելքի տակ հայտնված գյուղմթերքը Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի չափ է. ԿԲ նախագահ

Ռուսաստանի արգելքի տակ հայտնված գյուղմթերքը Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի չափ է. ԿԲ նախագահ

Էլեն Մուրադյան

Հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանած ներմուծման արգելքները կարող են հանգեցնել ներքին շուկայում գների ընդհանուր մակարդակի մինչև 0,6% գնանկման, եթե այդ արտադրանքը չվերաուղղորդվի դեպի այլ շուկաներ։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ռուսաստանը հունիսի 12-ից արգելել է հայկական գյուղմթերքի ներմուծումը իր շուկա և ՌԴ տարածքով տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ: Օրեր անց՝ հունիսի 16-ին, Կենտրոնական բանկի խորհուրդը, չնայած երկրում արձանագրվող որոշակի գնաճին (5,1% տարվա կտրվածքով, երբ ԿԲ թիրախային ցուցանիշը 3±1%)է), որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն պահպանելով 6,5% մակարդակում:

Այդ որոշումը, ըստ Գալստյանի, կայացվել է բազմաթիվ սցենարների համադրությամբ՝ հատկապես հաշվի առնելով հնարավոր գնանկումային ռիսկերը:

ԿԲ նախագահը նշել է, որ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքները կազմում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 6%-ը, իսկ ներկայում խնդիրների բախված ապրանքախմբերը՝ ՀՆԱ-ի շուրջ 2%-ը: «Այսինքն՝ այս ռիսկային սցենարի ներքո մենք ունենալու ենք ապրանքների որոշակի զանգված, որը մեր ՀՆԱ-ի 2%-ի չափով է»,- պարզաբանել է նա:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 90,8 %-ն ապահովում են շուրջ 317,000 գյուղացիական տնտեսություններ: Հայաստանի զբաղվածների 17,6%-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։

ԿԲ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի արգելքների տնտեսական ազդեցությունը գնահատելիս իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ կա: Նախ, պետք է հասկանալ, թե որքան կտևի տնտեսական այս հակամարտությունը և հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքները։

«Կարող է լինել սցենար, որ դրանք լինելու են շատ երկար ժամանակ։ Կարող է լինել սցենար, որ դա ընդամենը ամիսների հարց է, որովհետև պիտի տեսնեն՝ ոնց են դիրքավորվում»,- ասել է Գալստյանը:

Մյուս կարևոր գործոնն այն է, թե արդյոք Ռուսաստանի արգելած ապրանքները կկարողանան գտնել նոր սպառման շուկաներ: «Արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են եվրոպական ստանդարտներին, որպեսզի արտահանվեն Եվրոպա, թե՞ այդ ապրանքները դատապարտված են Հայաստանի շուկայում մնալու ու առաջարկն ավելացնելու տեսանկյունից գնանկումային էֆեկտներ ստեղծելու»,- նշել է ԿԲ նախագահը։

Նա հավելել է, որ եթե այդ ապրանքները չարտահանվեն ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան և մնան ներքին շուկայում, ապա ԿԲ գնահատականների համաձայն՝ դա «կարող է ունենալ մինչև 0,6% գնանկումային ազդեցություն մեր գների ընդհանուր մակարդակի վրա»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե գնաճի առկայության պայմաններում ընդունված է բարձրացնել տոկոսադրույքը, և հարցին՝ այն անփոփոխ թողնելը քաղաքական անհրաժեշտությունից բխող կոնյունկտուրային լուծում չէր, Մարտին Գալստյանը կտրականապես հերքել է քաղաքական դրդապատճառները:

«Չէ՛, բացարձակ քաղաքական կոնյունկտուրայի հետ կապ չունի, որովհետև քաղաքական պրոցեսները, ընտրությունները, արդեն ավարտվել են: Այսինքն՝ մենք հետընտրական փուլում ենք»,- հայտարարել է նա։

ԿԲ նախագահը պարզաբանել է, որ հավանական սցենարներից մեկով՝ Ռուսաստան չարտահանվող ապրանքները կարճաժամկետում այլ շուկաներ գտնելու դժվարություններ կունենան և, մնալով Հայաստանում, իրենց հետ գնանկում կբերեն։ Նրա խոսքով՝ նման պայմաններում տոկոսադրույքների բարձրացումը կարող է սխալ որոշում լինել, քանի որ մոտ ապագայում հնարավոր են որոշակի գնանկումային ազդեցություններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում