Գլխավոր Լրահոս

Հնարավո՞ր է 300,000 ստորագրությամբ շրջանցել ԱԺ-ն ու փոխել Սահմանադրությունը

Հնարավո՞ր է 300,000 ստորագրությամբ շրջանցել ԱԺ-ն ու փոխել Սահմանադրությունը

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քննարկումներ սկսվեցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է նախաձեռնել Սահմանադրության փոփոխություն՝ չունենալով ԱԺ-ում անհրաժեշտ 2/3 մեծամասնություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ հունիսի 16-ին հայտարարել է, թե ստացել են սահմանադրագետների վերջնական պատասխանը. «Իշխող ուժը բավարար մանդատ չունի, որպեսզի անցկացնի Սահմանադրական հանրաքվե Հայաստանում…»։ 

Կարապետյանի այս պնդմանը նախորդել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մեկնաբանությունը, որում անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնել 300 000 ստորագրությամբ նախաձեռնության միջոցով, Գալյանը հստակ պատասխան չէր տվել՝ նշելով, որ գործընթացի հետագա ընթացքը ցույց կտա ժամանակը։ «Իրականում 2/3-ի պահանջը այս պահին սահմանված է Սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի»,- նշել էր Գալյանը։ 

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է՝ արդյոք հնարավոր է Սահմանադրության փոփոխություն նախաձեռնել՝ շրջանցելով Ազգային ժողովի 2/3 պահանջը։

Հարցի առաջացման պատճառը խորհրդարանական պատկերն է  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 14-ին հրապարակեց  խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի` խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: 

Այսպիսով, իշխող ուժն ունի պատգամավորների 3/5 մեծամասնություն, ինչը թույլ է տալիս միանձնյա ընդունել կամ փոփոխել սահմանադրական օրենքները, ինչպես նաև կատարել մի շարք առանցքային նշանակումներ։ Սակայն Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն՝ 70 մանդատ։ ՔՊ-ին պակասում է 6 ձայն։

Որտեղի՞ց է գալիս 300,000 ստորագրության մասին խոսակցությունը և ի՞նչ է ասում Սահմանադրությունը

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ նոր Սահմանադրություն ընդունելու կամ կարևոր հոդվածներ փոփոխելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն 1/3-ը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200,000 քաղաքացի։ Սակայն նախաձեռնությունը դեռ չի նշանակում, որ հարցը կարող է անմիջապես դրվել հանրաքվեի։

Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից
Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից

Նույն հոդվածի համաձայն՝ նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը պետք է ընդունի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 ձայներով։ Այսինքն՝ նույնիսկ 200,000 ստորագրության դեպքում անհրաժեշտ է ԱԺ-ի 2/3 աջակցությունը։ 

300,000 ստորագրության մասին քննարկումները, սակայն, վերաբերում են Սահմանադրության 204-րդ հոդվածին։ Այն նախատեսում է, որ քաղաքացիների նախաձեռնած օրենքի նախագիծը ԱԺ-ի կողմից մերժվելու դեպքում կարող է դրվել հանրաքվեի, եթե նախաձեռնությանը միանա ընտրական իրավունք ունեցող 300 000 քաղաքացի։

Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից
Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից

Առանցքային հարցն այն է, թե արդյոք 204-րդ հոդվածով նախատեսված այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև Սահմանադրության փոփոխությունների դեպքում, թե վերաբերում է միայն օրենքների նախագծերին։

Ի՞նչ են ասում մասնագետները 

#Civilnetcheck-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը բացատրում է, որ 204-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների կողմից նախաձեռնված սովորական օրենքներին և չի կարող կիրառվել Սահմանադրության փոփոխության դեպքում։

«Դա վերաբերում է բացառապես կոնկրետ դեպքերին, երբ ԱԺ-ն մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված սովորական օրենքների նախագծի ընդունումը, որոնք ի սկզբանե նախաձեռնվել են 50,000 քաղաքացու կողմից և ոչ՝ Սահմանադրությանը»,- ասաց իրավաբանը։ 

Նրա խոսքով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ Սահմանադրությունը կամ սահմանադրական կոնկրետ հոդվածների փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ-ի 2/3 որոշումը։ 

«Սահմանադրության մեր մոդելը կազմված է անմիջական և միջնորդավորված ժողովրդավարությունից. անմիջական, երբ 200 000 քաղաքացիները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ, և միջնորդավորված, երբ ԱԺ-ի կողմից փոփոխությունների բովանդակությունն արդեն ֆիլտրվում է, ավելի մասնագիտական աչքով է նայվում այդ ամենին, հետո դրվում է արդեն հանրաքվեի»,-նշեց Սիմոնյանը։  

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ նույն տեսակետն ունի։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության համապատասխան դրույթները փոփոխելու գործընթացը ներառում է մի քանի փուլ՝ նախաձեռնություն (ԱԺ պատգամավորների առնվազն 1/3-ի, կառավարության կամ 200 000 քաղաքացու կողմից), նախագծի քննարկում և Ազգային ժողովի կողմից առնվազն 2/3 ձայներով ընդունում, Սահմանադրական դատարանի եզրակացություն և միայն դրանից հետո՝ հանրաքվե։

«Եթե նման այլընտրանքային ընթացակարգով նախաձեռնվի գործընթաց, ուրեմն դա միանշանակ սահմանադրական կարգի տապալում կլինի և Սահմանադրության կոպիտ ոտնահարում»,-ասաց նա։  

Սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանն էլ պնդում է. «Շրջանցել հնարավոր չէ. Սահմանադրական հանրաքվեի հաստատման համար 2/3-ն անհրաժեշտ է՝ լինի դա քաղաքացիական նախաձեռնություն, թե կառավարության առաջարկ»։ 

Այլ մեկնաբանություն

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է, որ 300 000 ստորագրության մեխանիզմը կարող է կիրառվել նաև Սահմանադրության փոփոխության դեպքում, եթե ԿԸՀ-ն հաստատի ստորագրությունների վավերականությունը և Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչի համապատասխանող։ 

Միաժամանակ նա ընդունում է, որ այս հարցում իրավական վեճ կա, սակայն նշում է, որ նույն Սահմանադրության 202 հոդվածը կարող է փոփոխության դրվել որպես օրենքի նախագիծ և Սահմանադրության փոփոխության գործընթացը համապատասխանեցվել «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջներին։ 

Մինչդեռ 202-րդ հոդվածը գտնվում է Սահմանադրության 15-րդ գլխում, որի փոփոխությունների դեպքում ևս նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի որոշումը։ 

Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից
Էկրանապատկերը՝ Սահմանադրությունից

Ի՞նչ տեսակի փոփոխություններ են հնարավոր և ի՞նչ ճանապարհով 

Մասնագետների մեծ մասի գնահատմամբ՝ Սահմանադրության 204-րդ հոդվածը, որը վերաբերում է քաղաքացիների նախաձեռնած օրենքների նախագծերը հանրաքվեի դնելուն, չի կարող կիրառվել նոր Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության այն դրույթները փոխելու համար, որոնց համար Սահմանադրությունը նախատեսել է հատուկ ընթացակարգ։

Պայմանականորեն Սահմանադրության փոփոխությունները կարելի է բաժանել երեք խմբի։

Առաջին խումբը անփոփոխելի դրույթներն են։ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները չեն կարող փոփոխվել որևէ ընթացակարգով։

Փոփոխություններ միայն հանրաքվեով (բարդ ընթացակարգ). սա վերաբերում է ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելուն կամ դրա ամենահիմնարար հոդվածները փոխելուն (202 հոդված 1 մաս)։ Գործընթացը սկսելու համար պետք է պատգամավորների 1/3-ի, Կառավարության կամ 200,000 քաղաքացիների նախաձեռնությունը։ Դրանից հետո Ազգային ժողովը պետք է հաստատի նախագիծը 2/3 ձայնով, և հարցը պարտադիր կերպով դրվի համաժողովրդական հանրաքվեի։

Երկրորդ խումբը Սահմանադրության ամենակարևոր դրույթներն են, որոնց փոփոխության համար գործում է առավել բարդ ընթացակարգը։ Այս խմբում են նոր Սահմանադրության ընդունումը, ինչպես նաև Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված գլուխներն ու հոդվածները։ Նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ 200 000 քաղաքացի։ Սակայն նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։

Երրորդ խումբը Սահմանադրության մնացած հոդվածներն են։ Դրանց փոփոխության նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ 150 000 քաղաքացի։ Փոփոխություններն ընդունվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ Եթե Ազգային ժողովը նախագիծը չի ընդունում, այն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի որոշմամբ կարող է դրվել հանրաքվեի։

Ամփոփելով՝ 300 000 ստորագրության մեխանիզմը չի վերաբերում նոր Սահմանադրության ընդունմանը կամ Սահմանադրության առանցքային դրույթների փոփոխությանը։ Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը նախ ընդունի համապատասխան որոշում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 ձայներով։ Դրանից հետո նախագիծն ուղարկվում է Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու, և միայն այդ փուլից հետո կարող է դրվել հանրաքվեի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում