Ռուսաստանի ստվերից դուրս․ ինչու են ընդլայնվում հայ-ղազախական կապերը

Երևանը և Աստանան ձգտում են դուրս գալ Ռուսաստանից իրենց ավանդական կախվածությունից և վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Թեմայի մասին National Interest հանդեսում համատեղ հոդված են հրապարակել Դավիթ Հակոբյանը և Նարգիզ Կասենովան։
Առաջին հայացքից Հայաստանն ու Ղազախստանը կարծես թե քիչ ընդհանրություններ ունեն։ Հայաստանը Հարավային Կովկասի փոքր պետություն է՝ երեք միլիոն բնակչությամբ, էթնիկապես միատարր և քաղաքականապես աշխույժ։ Այն ունի սահմանափակ բնական պաշարներ և բարդ անվտանգային միջավայր։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենախոշոր երկիրն է՝ ռեսուրսներով հարուստ, քսան միլիոն էթնիկապես բազմազան բնակչությամբ։ Այն աշխարհի իններորդ ամենամեծ երկիրն է և ձգվում է Կասպից ծովից մինչև Չինաստան և բարիդրացիական հարաբերություններ պահպանելով իր բոլոր հարևանների հետ։
Չնայած այս տարբերություններին՝ երկու երկրներն էլ կանգնած են միևնույն ռազմավարական հարցերի առջև։ Ինչպե՞ս ապահովել ինքնիշխանությունն ու բարգավաճումը մասնատված Եվրասիայում՝ հակամարտության գոտիների և աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Ինչպե՞ս համատեղել Ռուսաստանի հետ դե յուրե դաշնակցային հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ ավելի խորը գործընկերության հետ։ Ուշագրավ է, որ նրանց պատասխանները նման են։ Հայաստանում կուրսի փոփոխությամբ՝ երկու երկրներն էլ լուծումն ավելի ու ավելի տեսնում են դիվերսիֆիկացման, փոխկապակցվածության, հեջավորման և խաղաղաշինության մեջ՝ իրենց դիրքավորելով որպես տարածաշրջանների ու շուկաների միջև կապող օղակ։
Աշխարհաքաղաքական աճող մասնատվածության դարաշրջանում նրանք հետապնդում են ընդհանուր նպատակ՝ աշխարհագրությունը վերածել առավելության, փոխկապակցվածությունը՝ ռազմավարական ազդեցության աղբյուրի, իսկ դիվերսիֆիկացումը՝ ինքնիշխանությունը պահպանելու մեխանիզմի։ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքականության ու զարգացման մոտեցումների նման մերձեցումը կարող է սիներգիա ստեղծել երկու երկրների միջև և, եթե ամրապնդվի ու հաջողվի, մեծ խոստումներ բերել Կասպից տարածաշրջանին և ողջ Եվրասիային։
Հայաստանի 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները փաստացի ծառայեցին որպես հանրային հավանություն այն արտաքին քաղաքականությանը, որի կենտրոնում դիվերսիֆիկացումն է, ռազմավարական ճկունությունը և բազմաթիվ միջազգային գործընկերների հետ ներգրավվածությունը։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հաստատեց, որ հայ հասարակության զգալի մասը պաշտպանում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ կապերի ուղղությունը՝ միաժամանակ պրագմատիկ հարաբերություններ պահպանելով տարածաշրջանային տերությունների հետ։
Ընտրություններն արտացոլեցին նաև Հայաստանի արտաքին գործընկերությունների ավելի լայն վերագնահատումը՝ 2020–2023 թթ․ անվտանգային ցնցումներից հետո։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայկական վերահսկողության կորուստը խորապես ազդեցին հանրային տրամադրությունների վրա։ Հայերից շատերը մինչ օրս դժգոհ են սուր անվտանգային մարտահրավերների ժամանակ Ռուսաստանի սահմանափակ աջակցությունից։ Դրան հաջորդեց հարաբերությունների վերագնահատումը և որևէ մեկ արտաքին դերակատարից չափազանց մեծ կախվածության նվազեցումը։
Հայաստանի համար ռազմավարական փոխկապակցվածությունը դառնում է ավելի մեծ բարգավաճման, դիմակայունության և ինքնավարության ուղի՝ ավելի ու ավելի մասնատվող միջազգային համակարգում։ 2023-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ձգտելով երկիրը դիրքավորել որպես Սև ծովի, Պարսից ծոցի, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև տարածաշրջանային փոխկապակցվածությանը նպաստող կողմ։
Եթե Երևանը կտրուկ վերանայեց իր արտաքին քաղաքականությունը, Աստանան իր մոտեցումը ձևափոխում է աստիճանաբար։ Հայաստանի նման՝ Ղազախստանը վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության և տնտեսական զարգացման հարցում հենվել է Ռուսաստանի վրա։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, այն ներքաշված չէր հարևան պետության հետ հակամարտության մեջ, որը երկրին ավելի կախված է դարձնում Ռուսաստանից, և իր աշխարհագրական դիրքի պատճառով չէր կարող հրապուրվել Եվրոպայի հետ ինտեգրմամբ։ Աստանան ներդրումներ կատարեց կենտրոնասիական կայունության և համագործակցության մեջ ու վարեց բարդ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հավասարակշռելով հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի և այլոց հետ։
Վերջին շրջանում Ղազախստանը կիրառում է «կրկնակի հեջավորում»՝ Չինաստանի հետ կապերը խորացնելով՝ Ռուսաստանից բխող հնարավոր ռիսկերը մեղմելու համար, և միաժամանակ ամրապնդելով գործընկերությունը Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ծոցի երկրների հետ՝ Մոսկվայից կամ Պեկինից չափազանց մեծ կախվածությունից խուսափելու համար։ Դիվերսիֆիկացման և հեջավորման նպատակով այն կենտրոնացել է Միջին միջանցքի զարգացման վրա, որը Կասպից ծովով կապում է իրեն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Եվրոպայի մնացյալ մասի հետ։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ վերջերս Բրյուսել կատարած այցի ընթացքում Ղազախստանն ու ԵՄ-ն ստորագրեցին համաձայնագրեր և առևտրային գործարքներ՝ միջանցքով ապրանքների ու մարդկանց տեղաշարժը հեշտացնելու նպատակով, այդ թվում՝ Հորիզոնական ավիացիոն համաձայնագիրը (որը թույլ է տալիս եվրոպական ցանկացած ավիաընկերության թռիչքներ իրականացնել դեպի Ղազախստան), Airbus-ից 50 օդանավի գնում և ֆրանսիական Alstom լոկոմոտիվաշինական ընկերության հետ սպասարկման պայմանագիր։
Թեև Ղազախստանի բարեկամությունը Ադրբեջանի և Թուրքիայի՝ երկու «եղբայրական թյուրքալեզու ազգերի» հետ ավանդաբար ամուր է, այն նաև լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ և ձգտել կառուցողական դիվանագիտական դեր խաղալ հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1990-ականների սկզբին ակտիվ ներգրավված էր ղարաբաղյան հարցի շուրջ միջնորդական ջանքերում և 2004-ին կազմակերպեց հայ-ադրբեջանական բանակցություններ։ Նախագահ Տոկաևի օրոք Աստանան 2024-ին հյուրընկալեց երկկողմ խաղաղ բանակցությունների մեկ փուլ։ Ղազախստանը կարող է միայն ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ընթացիկ կարգավորումը։
2025-ի նոյեմբերին վարչապետ Փաշինյանի՝ Աստանա պաշտոնական այցի ընթացքում երկու երկրները բարձրացրին իրենց հարաբերությունները «ռազմավարական գործընկերության» մակարդակի և ստորագրեցին համաձայնագրերի ընդարձակ փաթեթ։ Նախագահ Տոկաևը ևս մեկ անգամ ընդգծեց այն կարևորությունը, որ Աստանան տալիս է այս հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանին պարգևատրելով «Ոսկե արծիվ» շքանշանով՝ Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով։
Նախագահ Տոկաևն առաջին առաջնորդներից էր, որ այս ամսվա սկզբին շնորհավորեց վարչապետ Փաշինյանին ընտրական հաղթանակի առթիվ, մինչդեռ Մոսկվան չի շնորհավորել դեռ։ Այս հակադրությունը չպետք է չափազանցնել, սակայն այն ընդգծում է մի կարևոր նրբերանգ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանը ձգտում են բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Այնուամենայնիվ, նրանք նաև վճռական են ամրապնդելու իրենց ինքնիշխանությունը՝ ներգրավվելու դիվերսիֆիկացված քաղաքական ու անվտանգային գործընկերություններում և համաշխարհային առևտրային ցանցերում։
Տրանսպորտային-լոգիստիկ հանգույց դառնալու Հայաստանի վճռականությունը զգալիորեն կուժեղացնի Հարավային Կովկասի՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև կամրջի դերը, նոր հնարավորություններ կբացի հայ-ղազախական հարաբերությունների համար։ Հայաստանը կարող է օգտվել Ադրբեջանով Ղազախստանի հետ ավելի կարճ կապից (այս երթուղով ուղարկված ղազախական ցորենի առաջին խմբաքանակն անցյալ տարվա նոյեմբերին հաջողությամբ հասավ Հայաստան)՝ դրանով իսկ ավելի դյուրին դարձնելով մուտքը դեպի դինամիկ ասիական շուկաներ։ Եթե Մեղրիի միջանցքը և Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին (TRIPP) իրականություն դառնան, Ղազախստանը կստանա Թուրքիա ձգվող ևս մեկ ուղի՝ Ադրբեջանով ու Հայաստանով (բացի գործող Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա երթուղուց)։
Բացի առևտրից՝ Աստանայում ստորագրված երկկողմ համաձայնագրերն ընդգրկում էին բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, գյուղատնտեսության, առողջապահության և գործարար համագործակցության ոլորտները։ Հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր խորհրդային ժառանգությունը, ներկայում նմանատիպ հանգամանքները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը, ինչպես նաև ավելի ու ավելի նմանվող աշխարհայացքներն ու զարգացման ուղիները, այս բոլոր ոլորտներում մեծ ներուժ կա։
Երկու երկրները նման են նաև արագ թվային փոխակերպման վրա իրենց խաղադրույքով։ Firebird-ը՝ ԱՄՆ-ում հիմնված ամպային և ենթակառուցվածքային ընկերությունը, որի համահիմնադիրների թվում են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, Հայաստանում կառուցում է NVIDIA-ի վրա հիմնված խոշոր տվյալների կենտրոն։ Հայաստանն իրեն դիրքավորում է որպես Հարավային Կովկասում բարձր արտադրողականության հաշվարկների, ամպային ծառայությունների և արհեստական բանականության հետազոտությունների ձևավորվող հարթակ՝ իրեն բնութագրելով «արհեստական բանականության գործարանների պարկ»։ 2026-ի հունիսի 15-ին Ղազախստանի կառավարությունը, Firebird-ը և NVIDIA-ն հայտարարեցին մինչև 10 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրերի փաթեթի մասին՝ ուղղված ազգային ԱԲ ենթակառուցվածքի, առաջատար հաշվարկային հզորությունների և Ղազախստանի հյուսիս-արևելքում «Տվյալների կենտրոնների հովիտ» նախագծի զարգացմանը։
Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքականությունների մերձեցումը, չնայած նրանց տարբեր հանգամանքներին, համահունչ է ավելի լայն համաշխարհային միտմանը։ Փոքր և միջին երկրները չեն կարող իրենց անվտանգությունն ու բարգավաճումը վստահել մեկ տերության։ Նրանք պետք է հեջավորեն ռիսկերը և դիվերսիֆիկացնեն։ Եթե հայտնվում են խոշոր աշխարհաքաղաքական և տնտեսական տարածությունների խաչմերուկում, ապա խոհեմ չէ կողմ ընտրել։ Հայաստանի և Ղազախստանի համար ռազմավարական մարտահրավերը Արևելքի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելը չէ, այլ բավարար ճկունություն պահպանելը՝ երկուսից էլ օգուտ քաղելու համար։
Նման հավասարակշռումը ո՛չ հեշտ է, ո՛չ էլ ծախսերից զերծ։ Երկու երկրներն էլ խոցելի են մնում արտաքին ճնշումների նկատմամբ։ Այնուամենայնիվ, նրանց փորձը հուշում է, որ դիվերսիֆիկացումը կարող է լինել ինքնիշխանությունը պահպանելու ամենաիրատեսական ուղին՝ աշխարհաքաղաքական աճող մրցակցության դարաշրջանում։ Ի վերջո, եթե դա հաջողվի, եզրագծի երկրները կարող են ծառայել որպես տարբեր աշխարհներ կապող կամուրջներ կամ խաչմերուկներ և որպես ապահով ապաստան մարդկանց, բիզնեսի ու կապիտալի համար։
Հեղինակների մասին
Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման ոլորտի մասնագետ է։ Երեք տասնամյակ աշխատել է ՄԱԿ-ում՝ պետականաշինության և տնտեսական զարգացման ուղղություններով։
Նարգիզ Կասենովան Հարվարդի համալսարանի՝ Ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների Քեթրին Վ․ և Շելբի Քալլոմ Դևիս կենտրոնի ավագ գիտաշխատող է և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն։











