Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջիլին, ըստ տեղեկությունների, այլևս չի կարող լքել Ադրբեջանը։ Հաջիլին ներկայում կուսակցության խորհրդի նախագահն է, իսկ 2014-2024-ին ղեկավարել է «Մուսավաթը»։
Կուսակցությունը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Հաջիլին հրավիրվել էր հուլիսի 3-4-ը Վիեննայում կայանալիք Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) կուսակցության հերթական համագումարին։
Սակայն Բաքվի օդանավակայանում սահմանային ծառայության աշխատակիցները նրան տեղեկացրել են, որ նրա նկատմամբ գործում է երկրից դուրս գալու արգելք։
Արգելքի պատճառների վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացվել։
««Մուսավաթ» կուսակցությունն այս արգելքը համարում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտում և ընդդիմության նկատմամբ իշխանությունների ճնշումների շարունակություն»,- հայտարարել է կուսակցությունը։
«Այս սահմանափակումներով իշխանությունները միջազգային կառույցներից մեկուսացնում են ոչ միայն ընդդիմությանը, այլև ամբողջ Ադրբեջանը»։
Ադրբեջանը պարբերաբար մեղադրվում է երկրում գործող ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
Երկրի ամենախոշոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին 2025-ի նոյեմբերից կալանքի տակ է՝ նախկին նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։
Այդ ժամանակից ի վեր կալանավորվել են նաև նրա կուսակցության մի շարք անդամներ։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը












