Գլխավոր Լրահոս

Մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանում OC Media-ի արգելափակումը

Մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանում OC Media-ի արգելափակումը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) դատապարտում է Ադրբեջանում OC Media-ի կայքի արգելափակումը՝ նշելով, որ «մտահոգված է» այդ որոշմամբ։

OC Media-ն Ադրբեջանի իր ընթերցողներից արգելափակման առաջին տեղեկությունները ստացել էր հունիսի սկզբին։ Դա տեղի ունեցավ գրեթե միաժամանակ, երբ Ադրբեջանում ստեղծվեց նոր Ազգային կիբերանվտանգության գործակալությունը (NCA), որն օժտված է տեղեկատվության վերահսկողության լայն լիազորություններով։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանում արգելափակել են OC Media-ի կայքը

Այդ ժամանակից ի վեր երկրի տարբեր շրջաններից, այդ թվում՝ ադրբեջանական սերվերներից, կայք մուտք գործելու բոլոր փորձերն անհաջող են եղել՝ բացառությամբ VPN-ի օգտագործման դեպքերի։ Ադրբեջանից կայքի այցելությունների թիվը նույնպես կտրուկ նվազել է՝ հասնելով երկնիշ թվի։

Չնայած դրան՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերքել, որ արգելափակում են կայքը։

«IPI-ն միջազգային հանրությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները և ազատ արձակելու բոլոր կալանավորված լրագրողներին»,- հայտարարել է կազմակերպությունը՝ նշելով, որ Ադրբեջանը «շարունակում է մնալ տարածաշրջանում լրագրողների ամենամեծ բանտարկողներից մեկը, որտեղ ներկայում կալանքի տակ է 36 լրագրող»։

Ադրբեջանն ավելի վաղ ևս արգելափակել էր մի շարք այլ անկախ լրատվամիջոցների կայքեր։

OC Media-ի կայքի արգելափակման մասին հայտնել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ RFE/RL-ը և On.ge-ն, ինչպես նաև մեդիա ազատության պաշտպանությամբ զբաղվող Political Prisoner Watch կազմակերպությունը։

Առանձին անդրադարձով թեման լուսաբանել է նաև վրացական իշխանամետ Imedi TV-ն՝ OC Media-ի ֆինանսավորման աղբյուրները բնութագրելով որպես «կասկածելի»։

Վերջին ամիսներին Imedi TV-ն ինքն էլ հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ էր սահմանել հեռուստաընկերության նկատմամբ՝ մեղադրելով Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման վերաբերյալ դիտավորյալ ապակողմնորոշող տեղեկատվություն տարածելու մեջ։

Տե՛ս նաև՝ Վրացական Imedi հեռուստաընկերությունը ժամանակավորապես զրկվել է Եվրոպական խորհրդարանում աշխատելու իրավունքից

Դրանից հետո միջազգային մի շարք ընկերություններ սկսել են դադարեցնել համագործակցությունը Imedi TV-ի հետ և ուսումնասիրել, թե ինչու են իրենց ապրանքները շարունակում գովազդվել այդ հեռուստաընկերությամբ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում