Սիրանուշ Ադամյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել այս տարվա դեկտեմբերին նախատեսված ՀՖՖ նախագահի ընտրություններում։ Այդ մասին նա հունիսի 25-ին ասել է Արմեն Գարամյանի «Podcast with Garamyan» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Ես այս պահին չեմ մտածում ընդհանրապես ընտրությունների մասին, որովհետև ունենք բազմաթիվ աշխատանք մինչև ընտրությունները, և ես մտադրություն չունեմ առաջադրվել»,- ասել է Մելիքբեկյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին ֆեդերացիայի առաջնահերթությունը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներն ու Ազգերի լիգայի հանդիպումներն են։
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը կայանալու է 2029-ին՝ Հայաստանում ու Վրաստանում։
Միաժամանակ, Մելիքբեկյանը նշել է, որ, նույնիսկ եթե հեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից, ամբողջությամբ չի լքի ֆուտբոլը․ կշարունակի աշխատանքը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կառույցներում։
Մելիքբեկյանի հայտարարությանը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։
Մելիքբեկյանի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը՝ այն գնահատելով որպես «դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար»։
Միևնույն ժամանակ ակումբը նշել է, որ նման հայտարարությունից հետո «որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար»։
Նման հայտարարություն եղել է նաև 2019-ին
Սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մելիքբեկյանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։
2019-ի նոյեմբերի 26-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր և նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ չի պատկերացնում իր առաջադրումը և նման ցանկություն չունի։
«Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ։ Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող։ Այս պահի դրությամբ ես բացարձակ նման մտադրություն չունեմ»,- հայտարարել էր նա։
Դրանից շուրջ մեկ ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերի 23-ին, Մելիքբեկյանը առաջադրվեց և ընտրվեց ՀՖՖ նախագահ։ 2023-ին նա վերընտրվեց պաշտոնում՝ ընտրություններում հաղթելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին։
Մելիքբեկյանի վերջին հայտարարությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF(First Armenian Front) շարժումը ևս հիշեցրել է 2019-ի նրա խոսքերը։
«Երկու պաշտոնավարման ժամանակահատվածում իր ծրագրերի առյուծի բաժինը ձախողած չինովնիկի ու իր թիմի անդամների վերադասավորման և վերարտադրության ցանկացած փորձ բացառվելու է»,- նշված է FAF-ի հայտարարությունում։
Armsport.am սպորտային լրատվականը գրում է, որ որպես ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածու է շրջանառվում Մելիքբեկյանի ներկայիս խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի անունը։
Երկրպագուները տևական ժամանակ հրաժարական են պահանջում
Վերջին տարիներին Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բազմիցս հանդես են եկել երկրպագուները, իսկ մարզադաշտերում անցկացվել են բողոքի ակցիաներ։
2024-ի հոկտեմբերի 14-ին Մակեդոնիայի դեմ Հայաստանի հավաքականի կրած պարտությունից ու հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականից հետո FAF-ի անդամները սկսեցին պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պահանջին միացել էին Արարատ-Արմենիա, Փյունիկ, Ուրարտու, Շիրակ ֆուտբոլային ակումբների երկրպագուական տարբեր խմբեր։ Երկրպագուներն ակցիաներ էին իրականացնում՝ ընդհատելով Հայաստանի Պրեմիեր Լիգայի տարբեր հանդիպումներ։
2025-ի փետրվարի 28-ին ՖԱՖ-ը հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
Չնայած հրաժարականի պահանջներին՝ 2025-ի ապրիլի 9-ին հրավիրված ասուլիսում Մելիքբեկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսված ծրագրերը։
«Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից։ Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում»,- ասել էր նա։
FAF-ը դրանից հետո էլ պարբերաբար շեշտում էր, որ հրաժարականի պահանջն ուժի մեջ է։
Հայաստանի հավաքականի վերջին խաղերին երկրպագուները շարունակում էին վանկարկել՝ «Մելիքբեկյան, հեռացի՛ր» կամ ցուցադրում նույնաբովանդակ պաստառներ։












