Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կրկին սրվել է։ Երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց մեղադրելով տասը օր առաջ կնքված ժամանակավոր համաձայնագրի խախտման մեջ, որը պետք է ավարտեր արդեն չորս ամիս շարունակվող պատերազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ռազմական ճանապարհով վերջնականապես ավարտին հասցնել գործը», եթե Իրանը շարունակի խախտել հրադադարը։
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ այս գիշեր Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ թիրախավորվել են Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազան և Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի բազան՝ ի պատասխան Իրանի հարավային շրջանների նկատմամբ ամերիկյան հարվածների։
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ հարձակումների հետևանքով ամերիկյան կողմը զոհեր կամ լուրջ վնասներ չի կրել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող 10 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու սարքերի պահեստներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմական կապի և վերահսկողության ենթակառուցվածքներ, ինչպես նաև ականադրման հնարավորություններ։
Վաշինգտոնը հայտարարել է, որ գործողություններն իրականացվել են ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրանական հարձակումների։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի գործողությունները որակել է որպես հրադադարի կոպիտ խախտում՝ հայտարարելով, որ դրանք ցույց են տալիս, թե Վաշինգտոնը «չի գնահատում իր ստանձնած պարտավորությունները»։
ԻՀՊԿ-ն էլ զգուշացրել է, որ ամերիկյան հարվածների շարունակման դեպքում «խաղաղության գործընթացն ամբողջությամբ կդադարեցվի», իսկ ցանկացած նոր ագրեսիա կստանա «ջախջախիչ պատասխան»։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ հակամարտության հիմնական կետերից մեկը։ Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ Իրանը պետք է ապահովեր առևտրային նավերի անվտանգ անցումը նեղուցով, սակայն Թեհրանը պնդում է, որ դրա վերահսկողությունն իրեն է պատկանում և սպառնում է ավելի կոշտ միջոցներ կիրառել այն նավերի նկատմամբ, որոնք կխախտեն սահմանված կանոնները։ ԱՄՆ-ն, իր հերթին, փորձում է ապահովել այլընտրանքային նավարկության ուղիներ և մեղադրում է Իրանին միջազգային առևտրային նավագնացությանը սպառնալու մեջ։












