Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը նախատեսում է մեծ ավտոկայանատեղիներ կառուցել Երևանի մուտքերի մոտ

Քաղաքապետարանը նախատեսում է մեծ ավտոկայանատեղիներ կառուցել Երևանի մուտքերի մոտ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քաղաքի մուտքերի մոտ և տարբեր հատվածներում մեծ ավտոկայանատեղիներ կառուցել: Ծրագրի համաձայն՝ վարորդները պետք է այնտեղ թողնեն անձնական մեքենաները և տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով: Հունիսի 29-ին գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է:

«Եթե մարդատար ավտոմեքենաների քանակն ավելանում է, դրա միակ լուծումն այն է, որ որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Սա է այն միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է քաղաքապետը։

Ավինյանը հայտնել է, որ քաղաքապետարանի երթևեկության կենտրոնը վերլուծել է 2025-ի հունվարից դեկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում իրականացված շուրջ 75 մլն ուղևորություն, ինչի հիման վրա պլանավորվելու են տրանսպորտային համակարգի հետագա բարեփոխումները:

Երևանի քաղաքապետն արձանագրել է, որ այդ ժամանակահատվածում մարդատար ավտոմեքենաների միջին արագությունը քաղաքում կազմել է 25 կմ/ժ, սակայն ներկայումս արձանագրվում է անկման միտում դեպի 23,5 կմ/ժ, իսկ պիկ ժամերին միջին արագությունը կարող է նվազել մինչև 10 կմ/ժ, մինչդեռ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ ժամ է։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ վերլուծության կարևոր արձանագրումներից մեկը վերաբերում է մարդատար ավտոմեքենաներով կատարվող մինչև երկու կիլոմետր կարճ ուղևորություններին, որոնք կազմում են ընդհանուր հոսքի մոտ 15 տոկոսը: Այդ կարճ երթուղիների զգալի մասը բաժին է ընկնում Փոքր կենտրոնին. կենտրոնում իրականացվող ուղևորությունների մոտ 35 տոկոսը սկսվում և ավարտվում է հենց կենտրոնի տարածքում: Ավինյանը հանձնարարել է վերջնականացնել այս տվյալները և Ներքին գործերի նախարարության հետ համատեղ ներկայացնել երթևեկության կազմակերպման վերջնական լուծումներ:

Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին, ըստ որոնց՝ այդ գծերը խցանում են առաջացնում անձնական մեքենաների համար, քաղաքապետը նշել է, որ դա բնական հարց է, որն ունի հստակ պատասխան, քանի որ Երևանի, հատկապես կենտրոնի փողոցները լայնանալու հնարավորություն չունեն: Չնայած Արշակունյաց պողոտան Իսակովի պողոտային միացնող ճանապարհի շինարարությանը և Հրազդանի կիրճի վրայով նոր կամուրջների կառուցման խոշոր ծրագրերին, տարածքային ընդլայնման հնարավորությունները սահմանափակ են, մինչդեռ մեքենաների քանակը շարունակաբար աճում է:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի տրամադրումը մնում է քաղաքային իշխանության առաջնահերթությունը:

«Միակ բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար»,- նշել է քաղաքապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում