Առաջիկայում հնարավոր է հանդիպում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հունիսի 29-ին հայտնել է գործադիրի ղեկավարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ թեև նախապես պլանավորված քննարկում չի եղել, սակայն ինքը վստահ է, որ կողմերը շուտով կհանդիպեն։
«Նախատեսված հանդիպում չի եղել, բայց առաջիկայում կլինի հանդիպում, համոզված եմ»,- նշել է վարչապետը։
Այլ մանրամասներ հնարավոր հանդիպման ժամկետների կամ օրակարգի վերաբերյալ այս պահին չեն հաղորդվում։
***
Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը եղել է ապրիլի 1-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Պուտինն հիշել էր, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Նա նաև շեշտել էր, թե երկրի համար անհնար է Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելը։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
«ՀՆԱ-ի առնվազն 14% անկում», «էներգակիրների գների կտրուկ բարձրացում», «կոշտ վերահսկողություն ենթակառուցվածքների նկատմամբ»․ սրանք խորհրդարանակա քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների կողմից հնչող զգուշացումներն են Հայաստանին։
Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։
Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։












