«Աթոռով ա, թե ինչ ա, համարժեք ա ու ճիշտ ա»․ այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռով հարվածեց ընդդիմադիրներին։
Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն ողջունում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին, որովհետև եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»,- հայտարարել է վարչապետը։
Լրագրողը Փաշինյանին հարցրել է՝ արդյոք միջադեպի վերաբերյալ նրա հրապարակային արձագանքով «կանաչ լույս» չի վառվում, և արդյոք ընդունելի է խորհրդարանում ստեղծված իրավիճակը։
«Երբ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը ամբիոնից իրեն լկտի պահեց և ի հեճուկս խնդրանքների, հորդորների, կոչերի ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը կատարվածի պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա։
«Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա։ Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ է»,- հայտարարել է նա։
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո վիճաբանություն էր սկսվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Բանավոր վեճը վերածվել էր քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։ Պատգամավորները միմյանց հարվածներ էին հասցրել, դահլիճում շշեր ու աթոռ էին նետել, վնասվել էր գույքը։ Պատգամավորները վնասվածքներ են ստացել։











