Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը

Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը սպասարկող օրենսդրական նախաձեռնությունը: Հուլիսի 2-ին կառավարության նիստի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ այդ օրենսդրական փոփոխության իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնելու նպատակով գործադիրը հավանություն է տվել կառավարության համապատասխան որոշման նախագծին:
Նախարարի պարզաբանմամբ՝ եթե հուլիսի 6-ի դրությամբ անձանց վարորդական իրավունքից զրկման ժամկետն արդեն ավարտված լինի, նրանք հենց այդ օրվանից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, կարող են դիմել վերականգնման համար:
Վերականգնման համար նախատեսված է 50,000 դրամ պետական տուրք, որը պետք է վճարվի տեղում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ անձինք վարորդական իրավունքից զրկվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով:
Կառավարության հաստատած նախագծով նախատեսվում է նաև ներդնել էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցության մեխանիզմ: Սա հնարավորություն կտա ավտոմատ եղանակով բացահայտել այն անձանց, որոնք, օրինակ, թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունեն, և անմիջապես դադարեցնել նրանց վարորդական իրավունքը, նույնիսկ եթե քաղաքացին չի այցելել հաշվառման-քննական ստորաբաժանում:
Այս թվայնացումը նպատակ ունի լուծել նաև այն խնդիրը, երբ քաղաքացիները տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, բայց միաժամանակ ունեն վարորդական իրավունք. եթե արձանագրվի վարման հետ անհամատեղելի հիվանդության առկայություն, անձի պրոֆիլում ավտոմատ արգելք կդրվի:
Բացի այդ, որոշմամբ փոփոխվում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամանակահատվածը՝ գործող 1 տարվա փոխարեն դառնալով 2 տարի, ինչը պայմանավորված է վերջին տարիներին դիմելիության աճով, հերթերի կառավարման խնդրով, գործնական քննությունների բացասական արդյունքներով և ավտոդպրոցներում ուսումնառությունը մեկ տարում ավարտել չհասցնելու հանգամանքով:
Մեկ այլ փոփոխությամբ՝ տեսական քննության հարցաշարերը դառնալու են ավելի իդենտիկ և նախատեսվելու են կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ հարցեր, որպեսզի, օրինակ, թեթև մարդատար ավտոմոբիլների համար քննություն հանձնողների հարցաշարում չներառվեն ավտոբուսների վարման հետ կապված հարցեր: Այս փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից՝ թվային համակարգերն ադապտացնելու նպատակով:










