Վիզաների ազատականացում. ԵՄ-ն հստակ ժամկետներ չի նշում, Երևանի թիրախը 2029-ն է

Եվրամիությունը նախատեսում է այս աշնանը գնահատման նոր առաքելություն ուղարկել Հայաստան՝ ուսումնասիրելու վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումները և հենանիշների ապահովումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայաստանի կառավարության ղեկավարն էլ իր հերթին հայտարարել է, որ իշխանությունները թիրախավորում են առանց վիզայի ռեժիմին հասնել մինչև 2029 թվականը։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կան իրատեսական ժամկետներ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու համար, Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ գործընթացը հիմնված է կոնկրետ արդյունքների ու բարեփոխումների վրա: Սակայն ընդգծեց Հայաստանի առանձնահատկությունն այս գործընթացում:
«Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզայի ազատականացման երկխոսության մեջ է Եվրոպական Միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը»,- նշել է ֆոն դեր Լայենը՝ հիշեցնելով, որ դեռևս ապրիլին հրապարակվել է գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի հաշվետվությունը։
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025-ի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով: Դրանցից առաջինը համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորումն է, երկրորդը` դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովումը։
Երևանում կայացած ասուլիսին Եվրահանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի նվիրվածությունն այս օրակարգին, սակայն հստակ ժամկետներ չի նշել՝ գործընթացի ավարտը պայմանավորելով տնային աշխատանքի կատարմամբ։
«Գնահատման նոր առաքելություններ կգան այս աշնանը՝ մնացած հենանիշների ուղղությամբ առաջընթացը և գործընթացը գնահատելու համար... Սա գործընթաց է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղության վրա... և բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել առանց վիզայի ռեժիմի անցման մեր առաջարկին։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, և եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը»,- պարզաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին համաձայնել է եվրոպացի պաշտոնյայի հետ, որ գործընթացի հաջողությունը նախևառաջ կախված է Հայաստանի ներքին ջանքերից ու բարեփոխումների որակից, սակայն նախանշել է կառավարության թիրախավորած վերջնաժամկետը:
«Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք... 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով. «Շատ բան մեզնից է կախված, և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվամիությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ, և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք»:
Վարչապետն ընդգծել է, որ հայաստանցիները սպասում են այս որոշմանը և վերջին խորհրդարանական ընտրություններում քվեարկել է նաև հօգուտ այս օրակարգի: «Մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել: Հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:










