Գլխավոր Լրահոս

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները, այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատները դիտարկում է որպես իրավաքաղաքական «զենք» խորհրդարանում և խորհրդարանից դուրս գործող «վարչախմբի» հեռացմանը, Սահմանադրության փոփոխության կանխմանն ու ազգային օրակարգի սպասարկմանը հասնելու համար։

«Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը։

Ինչպես նախապես հայտարարվել է, մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։

Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանում ներկայացվածությունը դաշինքի անդամները դիտարկում են քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայելու է հանրության և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը։

«Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից․

1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Խորհրդարանական ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով Մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։

2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. ԱԺ ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու և ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։

3․ Քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն. Հայաստանում և միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում՝ քաղաքական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։

4․ Գործող վարչախմբի հեռացում. Սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը և նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։

Ընտրություններում քաղաքացիների բարձր մասնակցության և ընդդիմադիր ուժերին տված ձայների շնորհիվ հաջողվել է գործող իշխանությանը զրկել սահմանադրական մեծամասնությունից և ընդդիմադիր ուժերին շնորհել շատ ավելի լայն գործիքակազմ՝ համազգային դիմադրության օրակարգ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար։ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։

Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։

Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում և խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն անվտանգ և մրցունակ Հայաստանի»,- ասված է հայտարարության մեջ։

Նախօրեին «Ուժեղ Հայաստան» դաշինքը ևս հայտնել է պատգամավորական մանդատները վերցնելու մասին։

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում