ՍիվիլՆեթն առաջինը Հայաստանում ստացել է Journalism Trust Initiative-ի հավաստագիրը

ՍիվիլՆեթը հաջողությամբ ավարտել է Journalism Trust Initiative-ի՝ JTI-ի անկախ աուդիտը և ստացել վստահելի լրագրության միջազգային հավաստագիր։ ՍիվիլՆեթը Հայաստանում առաջին լրատվամիջոցն է, որն անցել է JTI-ի ամբողջական գործընթացը՝ ինքնագնահատումից և թափանցիկության զեկույցի հրապարակումից մինչև անկախ երրորդ կողմի իրականացրած հավաստագրող աուդիտ։
Հավաստագիրը տրվել է 2026-ի հուլիսի 2-ին և ուժի մեջ է մինչև 2028-ի հուլիսի 1-ը։
Journalism Trust Initiative-ը «Լրագրողներ առանց սահմանների»՝ RSF-ի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային ISO տիպի չափանիշ է։ Այն գնահատում է ոչ թե լրատվամիջոցի առանձին հրապարակումների բովանդակությունը կամ դիրքորոշումը, այլ այն գործընթացները, որոնցով ստեղծվում է լրագրողական բովանդակությունը։
JTI-ի չափանիշը ներառում է շուրջ 130 չափորոշիչ՝ կապված լրատվամիջոցի սեփականության և ֆինանսավորման թափանցիկության, խմբագրական անկախության, տեղեկությունների ստուգման, սխալների ուղղման, աղբյուրների պաշտպանության, լրագրողների անվտանգության, արհեստական բանականության օգտագործման և հանրության առջև հաշվետվողականության հետ։
Հավաստագրման գործընթացը բաղկացած է երեք հիմնական փուլից՝ ծանոթացում չափանիշներին, լրատվամիջոցի ինքնագնահատում և թափանցիկության զեկույցի հրապարակում, ապա՝ անկախ կազմակերպության իրականացրած արտաքին աուդիտ։ Հավաստագիրը տրվում է միայն այն դեպքում, երբ աուդիտը հաստատում է, որ լրատվամիջոցի գործունեությունը համապատասխանում է JTI-ի պահանջներին։
ՍիվիլՆեթի աուդիտի ընթացքում գնահատվել են լրատվամիջոցի խմբագրական կանոններն ու աշխատանքային գործընթացները, այդ թվում՝ տեղեկությունների ստուգման և խմբագրական վերահսկողության համակարգը, սխալների ուղղման մեխանիզմները, ֆինանսավորման և կառավարման թափանցիկությունը, անանուն աղբյուրների օգտագործման կանոնները, լրագրողների անվտանգությունը և հանրության հետ հաղորդակցությունը։
JTI հավաստագրումը կարևոր է նրանով, որ լրատվամիջոցի մասնագիտական չափանիշներին համապատասխանությունը հաստատվում է ոչ թե հենց լրատվամիջոցի հայտարարությամբ, այլ անկախ աուդիտով։ Այն միջազգային մակարդակով ճանաչելի ցուցիչ է, որը հնարավորություն է տալիս ընթերցողներին, գործընկերներին, դոնորներին և թվային հարթակներին տարբերակել թափանցիկ և հաշվետու խմբագրական գործընթացներով աշխատող լրատվամիջոցները։
ՍիվիլՆեթի համար հավաստագրումը նաև տարիների ընթացքում ձևավորված խմբագրական սկզբունքների և գործելակերպի անկախ գնահատական է, որը հաստատում է կազմակերպության հանձնառությունը ճշգրիտ, ազնիվ և պատասխանատու լրագրությանը։
Ներկայում JTI-ի չափանիշներն օգտագործում է ավելի քան 2,600 լրատվամիջոց՝ 135 երկրից։ Դրանցից ավելի քան 900-ը հրապարակել է իր թափանցիկության զեկույցը, իսկ մի մասը շարունակել է գործընթացը և անցել անկախ երրորդ կողմի իրականացրած հավաստագրման աուդիտ։
Կազմակերպություն
Անի Գրիգորյան










