Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում դեսպան կունենա։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան։
«Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025-ի օգոստոսին՝ համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ։ Ըստ կոմունիկեի՝ երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։
***
Մինչ այդ Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և չուներ դիվանագիտական հարաբերություններ Երևանի հետ։ Պակիստանի այս դիրքորոշման հիմնական պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է։ Պակիստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը չեն ճանաչի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լիովին չի կարգավորվել Ադրբեջանի օգտին։











