Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Երևանում կձևավորվի նոր կառավարություն։ Այս մասին Եկատերինբուրգում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստան է մեկնել՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Սա Փաշինյանի առաջին արտասահմանյան աշխատանքային այցն է ընտրություններից հետո։
«Ակնկալում ենք, որ նոր կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության արդյունքներով, կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հաշվառման ոգով»,- նշել է Միշուստինը։
Միշուստինն ընդգծել է ՌԴ-ի առաջատար դիրքերը հայաստանյան շուկայում և մատնանշել երկկողմ գործակցության ծավալները ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում, որոնք գտնվում են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո։
«Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը, Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների թվում։ Հայրենական ընկերությունները ակտիվորեն աշխատում են լեռնահանքային արդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի՝ ներառյալ նաև խաղաղ ատոմի, և թվային տնտեսության ոլորտներում»,- հավելել է Ռուսաստանի վարչապետը։
Միշուստինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է երկրում ռուսական կապիտալի համար իրավական պաշտպանվածության բարձր մակարդակ, ինչպես նաև հանդես է գալիս մշակութային ու կրթական կապերի խորացման, համատեղ արտադրությունների հիմնման և փոքր ու միջին ձեռնարկատիրության միջև կոոպերացիայի ակտիվացման օգտին, ինչի հնարավորությունները տվել է արդյունաբերական ցուցահանդեսը։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրենքի ու շահերի պահպանումը։ Առաջարկում ենք շարունակել մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոնների անցկացման ավանդույթը, խորացնել կրթական ու երիտասարդական միջոցառումները»,- ասել է Միշուստինը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել, որ ընտրություններից հետո ստեղծվել է անհրաժեշտ հնարավորություն՝ երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգն անցկացնելու և առկա տարաձայնությունները հարթելու համար։
«Կարծում եմ, որ այս հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի քննարկենք մեր հարաբերությունների օրակարգի ողջ սպեկտրը։ Եվ ընտրություններից հետո լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշտելու։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշակի խնդրահարույց հարցեր, իհարկե, ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի երկարաժամկետ հանձնառությունը Ռուսաստանի հետ կապերի զարգացման գործում և շեշտել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մեխանիզմների անխափան ու կանոնավոր կիրառման կարևորությունը։
«Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ և շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով»,- ասել է Փաշինյանը։
***
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Այս լարվածության ֆոնին, նախօրեին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միխայիլ Միշուստինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
«ՀՆԱ-ի առնվազն 14% անկում», «էներգակիրների գների կտրուկ բարձրացում», «կոշտ վերահսկողություն ենթակառուցվածքների նկատմամբ»․ սրանք խորհրդարանակա քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների կողմից հնչող զգուշացումներն են Հայաստանին։
Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։
Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։











