Առաջիկա տարիներին Հայաստանին կարող է անհրաժեշտ լինել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ էներգետիկ դեֆիցիտը ծածկելու համար։ Այս մասին «Իննոպրոմ-2026» ֆորումի շրջանակում «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Հաղորդում է ռուսական TACC-ը։
Ըստ աղբյուրի՝ Ալեքսեյ Լիխաչով ասել է, որ հայկական կողմի հետ նախատեսում են զարգացնել ատոմայի տեխնոլոգիաները։
«Մեր տեսակետն այսպիսին է՝ այժմ Հայաստանում էլեկտրաէներգիայի 30%-ն ապահովում է ատոմային էներգետիկան, սակայն պահանջարկն աճում է։ Շատ հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում էլեկտրական հզորությունների դեֆիցիտը Հայաստանում հասնի նույնիսկ 1 ԳՎտ-ի, ինչին պետք է պատրաստ լինել։ Մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու էներգաբլոկով, որոնք տասնամյակներ շարունակ կծածկեն սպասվող էներգադեֆիցիտը»,- նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։
Կարդացեք նաև՝ Ատոմակայանի մոդելի ընտրության հարցում քաղաքական ընտրություն չենք անում․ վարչապետ












