Գլխավոր Լրահոս

Ատոմակայանի մոդելի ընտրության հարցում քաղաքական ընտրություն չենք անում․ վարչապետ

Ատոմակայանի մոդելի ընտրության հարցում քաղաքական ընտրություն չենք անում․ վարչապետ

Ատոմակայանի մոդելի ընտրության հարցում մենք քաղաքական ընտրություն չենք անում, սա տնտեսական հարց է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Երևանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։  

Վարչապետի խոսքով՝ որ երկիրը լավ առաջարկ անի, նրա հետ էլ կաշխատի Հայաստանը։ Հարցի շուրջ աշխատանքներ են տարվում  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։

«Մեր հաշվարկն այն է, որ հաշվի առնելով արևային էներգիայի զարգացման տեմպերը՝ մենք 1000 ՄՎտ-անոց ատոմակայանների կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը՝ արևային էներգիան։ Մենք հիմա կենտրոնացած ենք և ցանկանում ենք ունենալ մոդուլային ատոմակայան, քանի որ անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկներ։ Եվ ամենակարևորը՝ մոդուլային կայանը չի կարող հանգեցնել Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի նման վթարների․ սա մեզ համար ամենակարևոր հարցն է. մոդուլային կայանում վթարի դեպքում վթարը համարվում է տեղային միջադեպ, և այդ դեպքում հարակից բնակավայրերը չեն տարհանվում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Ռուսաստանը ևս ունի մոդուլային կայանի նախագիծ, սակայն այն լողացող ատոմակայան է։  

«Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ծովի վրա է աշխատում։ Լողացող մոդուլյար ատոմակայան է։ Երբ առաջարկները լինեն, մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի, ապա գնի առաջարկը։ Մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք ուզում անել, սա տնտեսական հարց է, մենք ուզում ենք ծրագրի տևականությունն ու շահավետությունը ՀՀ-ի համար երաշխավորել»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի:  

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մոդուլային ատոմակայանները բաղկացած են համեմատաբար փոքր հզորությամբ ռեակտորներից (սովորաբար մինչև 300 մեգավատ), որոնք արտադրվում են գործարանային պայմաններում և պատրաստ վիճակում տեղափոխվում տեղակայման վայր։ Սա թույլ է տալիս կրճատել կառուցման ժամկետներն ու ծախսերը, ինչպես նաև նվազեցնել շինարարական ռիսկերը։ Այսպիսի կայանների հիմնական առավելություններից է անվտանգության բարձր մակարդակը։

Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում