Գլխավոր Լրահոս

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում. ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում. ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան

Հուլիսի 7-8-ը Անկարան հյուրընկալում է Հյուսիսանտլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են դաշինքի բոլոր 32 անդամները՝ երկրների առաջնորդների, արտգործնախարարների և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Թուրքական կողմը արտակարգ միջոցներ է ձեռնարկել միջոցառման անցկացման համար՝ երկրի մայրաքաղաքում կենտրոնացնելով շուրջ 56,000 ուժային։

Թուրքիայի նախագահական պալատում սպասվող ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովը շատերը պատմական են որակում միջազգային մարտահրավերների, ինչպես նաև եվրոպական անվտանգային համակարգում Թուրքիայի աճող դերի համատեքստում։ Թուրքական կողմը վերջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալել է հեռավոր 2004-ին, սակայն այն ժամանակվա պատմական համատեքստը բոլորովին այլ էր։

Միջոցառման գլխավոր հյուրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, որը նախագահի պաշտոնում առաջին անգամ է ժամանել Թուրքիա․ նա Անկարա չի այցելել նաև իր առաջին պաշտոնավարման ժամանակ (2016-2020)։

Գագաթնաժողովի միջազգային նշանակությունը

ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովն անցնում է կառույցի նկատմամբ ամերիկյան կողմի թերահավատության և դժգոհության պայմաններում։ Հարցականի տակ է՝ Հյուսիսատլանտյան դաշինքում Միացյալ Նահանգների ներգրավվածության աստիճանը։

Նախագահ Թրամփը կառույցի անդամ-երկրներից պահանջում է ֆինանսական հատկացումների մեծացում, որոնք մինչև 2035 թվականը պետք է հասնեն ՀՆԱ-ի 5%-ի։

Թրամփը քանիցս դժգոհել է, որ Իրանի դեմ պատերազմում ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները ոչ միայն չմիացան ամերիկյան գործողություններին, այլև տեղ-տեղ բացահայտորեն իրենց դժկամությունը հայտնեցին նման հեռանկարի վերաբերյալ և անգամ սահմանափակեցին ներգրավվելու ցանկացած հնարավորություն։

Եվ վերջապես, ամերիկյան կողմը ակնարկում է սեփական զորքերի թվաքանակը կրճատելու մասին։ Մայիսին Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև հակասությունների ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց այդ երկրում գտնվող իր զորակազմը 5000-ով կրճատելու վերաբերյալ, ինչը քննարկումներ առաջ բերեց պաշտպանական կառույցի ապագայի մասին։ Շատերը հատկապես Անկարայում սկսեցին խոսել եվրոպական անվտանգային համակարգում Թուրքիայի ավելի առանցքային դեր ստանձնելու հեռանկարի մասին՝ հաշվի առնելով վերջինիս բանակի թվաքանակն (մեծությամբ երկրորդը ՆԱՏՕ-ում) ու զարգացող/ած ռազմաարդյունաբերությունը։

Թուրքիայի հավակնությունները

Թուրքիայում մեծ սպասումով են մոտենում ինչպես ՆԱՏՕ-ի ընթացիկ գագաթնաժողովի, այնպես էլ՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Դոնալդ Թրամփի հանդիպմանը։

Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններում ծրագրեր ունի ամերիկյան մատակարարումների և պատժամիջոցների չեղարկման հարցերում։ Reuters-ի հաղորդմամբ՝ նախագահ Թրամփն արդեն ամերիկյան Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիային 700 մլն արժողությամբ ռեակտիվ շարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Թուրքական կողմը, որի ռազմաարդյունաբերության աքիլեսյան գարշապարը ընդունված է համարել շարժիչների արտադրությունը, մտադիր է ամերիկյան կողմի տրամադրվելիք շարժիչներն ուղղել սեփական արտադրության KAAN կործանիչներին։ Խոսքը թուրքական արտադրության հինգերորդ սերնդի կործանիչների մասին է, որոնց շահագործումը Անկարան տարածաշրջանային երկրների նկատմամբ օդային գերակայության ծիրում է դիտարկում։

Ռազմական մատակարարումների թերևս գլխավոր թեման ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հիմնախնդիրն է, որը վերջին տարիների Անկարա-Վաշինգտոն ամենացավոտ ու զգայուն թեմաներից է։

Թուրքիան ի սկզբանե ներառված լինելով այդ կործանիչների համատեղ արտադրության ծրագրում, Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ դուրս է մղվել ծրագրից, երբ Անկարան գնեց ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերը։ Ավելին՝ ԱՄՆ Կոնգրեսն օրենք ընդունեց, ըստ որի՝ թուրքական զինված ուժերի հաշվեկշռում S-400-ների առկայության պայմաններում, արգելվում է F-35-երի վաճառքն Անկարային։ 

Այժմ քննարկվում է թնջուկը լուծելու հարցը։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր հարցը վերանայելու մասին: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ մի շարք աղբյուրներ հաստատել են F-35-երի խնդրում հօգուտ Թուրքիայի ԱՄՆ-ի դրական որոշումը։ Ինչ վերաբերում է ռուսական համակարգերին, ապա որպես հնարավոր լուծում Թուրքիան կարող է դրանք վերավաճառել մեկ այլ երկրի, օրինակ՝ Հարավային Կորեային։ 

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացումը դիտում են նաև  եվրոպական անվտանգային ճարտարապետությունում ավելի մեծ դեր խաղալու հնարավորություն, որի հիմնական գրավականը համարվում է ռազմաարդյունաբերության աճը։

Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ 2025-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են շուրջ 30 միլիարդ դոլար՝ 2024-ի համեմատ աճելով 7.2%-ով, ինչը երկիրը դարձնում է աշխարհում 18-րդ ամենամեծ ռազմական ծախսերով պետությունը։ Երկրի պաշտպանական արտահանումը 2021-2025 թվականներին աճել է 122%-ով՝ նախորդ հնգամյակի համեմատ։

Թուրքիայի համար ռազմաարդյունաբերության զարգացումն ու ամերիկյան կողմի հետ կապերի խորացումը սեփական քաղաքական ազդեցությունը բաձրացնելու հնարավորություն է դիտվում՝ հատկապես Իրանի հարցում Իսրայելի ու ԱՄՆ-ի առերևույթ հակասությունների և/կամ շահերի տարբերությունների պայմաններում։ 

Թուրք-ամերիկյան կապերն ու ռուսական գործոնը

Թուրքիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ թե՛ ամերիկյան, թե՛ թուրքական կողմերը շփումներ են ունեցել Ռուսաստանի հետ։ Օրերս հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը և քննարկել ուկրաինական հիմնախնդիրը։ Այն Թուրքիայում նախատեսված միջոցառման գլխավոր թեմաներից է լինելու։

Հունիսի կեսերին Ռուսաստան էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որն այդ երկրի առանցքային մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հյուրընկալվել էր Պուտինին, որը հազվադեպ է ընդունում այլ երկրների արտգործնախարարներին։ Ըստ Ֆիդանի՝ մի շարք կարևոր հարցերում Մոսկվան ու Անկարան ունեն ընդհանուր մոտեցումներ։

Թուրքիան ու Ռուսաստանը բացի անվտանգային հարցերից, ունեն սերտ տնտեսական կապեր։ Նրանց միջև ապրանքաշրջանառությունը մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար է, որի առյուծի բաժինը ընկնում է ռուսական ներկրումներին՝ բնական գազի մատակարարումներին։ Բացի այդ, երկու երկրները համագործակցում են էներգետիկ այլ որորտներում․ Ռուսաստանը Մերսին քաղաքում կառուցում է 20 մլրդ դոլար արժողությամբ Աքքույու ատոմակայանը, որն արտերկրում Ռուսաստանի երբևէ կատարած ամենամեծ ներդրումային նախագիծն է։ Այն ծածկելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների շուրջ 10 տոկոսը։

Միաժամանակ Թուրքիան ներդրումային ծրագրերի ու էներգետիկ համագործակցության հարցեր է քննարկելու նաև ամերիկյան կողմի հետ։ Գագաթնաժողովում սպասվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն կհայտարարեն ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու պատրաստակամության մասին (2024-ին՝ շուրջ 43 մլրդ-ից), ինչպես նաև ամերիկյան մոդուլային ռեակտորների նախագծերի շուրջ համագործակցության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում