Հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է ավելի քան 5,400 տոննա ծիրան․ նախարար

Հայաստանում արտահանման ծավալները շոշափելի աճ են գրանցում։ Կառավարության հուլիսի 9-ի նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ մասին վկայում է մեկ ամսվա կտրվածքով տրամադրված 3 մլրդ դրամի փոխհատուցումը: Կառավարությունը նույն նիստին որոշեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին փոխհատուցել ավելի քան 3 մլրդ դրամ։
«Փոխհատուցման թիվը նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետև 3 միլիարդն արդեն բավականին մեծ թիվ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Թեմային անդրադարձել են վարչապետը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ քննարկելով գյուղմթերքի արտահանման, գնային քաղաքականության և զբոսաշրջության ցուցանիշները:
Ըստ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած վիճակագրության՝ միայն հունիս ամսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, 2,950 տոննա ծիրան, 1,400 տոննա կեռաս, ինչպես նաև մեծ քանակությամբ հանքային ջուր և գինի: Հուլիսի 7-ի դրությամբ ծիրանի արտահանման ծավալներն արդեն հասել են 5,405 տոննայի: Ըստ Պապոյանի՝ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանը միրգ է արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։
«Եթե հունիս ամսվա համար ծիրանը 2,950 տոննա էր, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5,405 տոննայի ենք հասել»,- հավելել է Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով շուկայում առկա գներին՝ Փաշինյանը հավելել է, որ ընդհանուր պատկերը դրական է. «Շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ խնդիրներ գոյություն չունեն, իհարկե մեկ-երկու ապրանքատեսակի՝ վարդի և լոլիկի հետ կապված որոշակի գնանկում ունենք»:
Նախարար Պապոյանը պարզաբանել է, որ ծաղկի արտահանման ուղղությամբ կան դրական տեղաշարժեր, և համապատասխան մեխանիզմներ են գործարկվում. «Միայն երեկ, օրինակ, 139,000 հատ արտահանում ենք ունեցել: Իրականում միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը»,- ասել է Պապոյանը։
Քննարկման ընթացքում Փաշինյանը խոսել է զբոսաշրջությունից, ըստ նրա՝ տարանցիկ չվերթներով մեկնող ուղևորներն օգտվում են առիթից և մեկ-երկու օրով շրջում հանրապետությունում, ինչն էական ազդեցություն է ունենում ներքին սպառման վրա:
«Համարյա ամեն օր 10,000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Ուզում եմ դա էլ մենք արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ»,- ընդգծել է վարչապետը:











