Բրիտանական The Economist պարբերականը իր նոր համարում գրում է, որ Ռուսաստանում առաջին անգամ երկրի ամենաազդեցիկ գործարարներից մեկը՝ պարարտանյութերի արտադրության ոլորտի մագնատ Անդրեյ Մելնիչենկոն, հրապարակայնորեն խոսում է այն ճգնաժամի մասին, որին, իր գնահատմամբ, մոտենում է Ռուսաստանը։
Պարբերականի գնահատմամբ՝ Մելնիչենկոն հակապուտինյան ընդդիմության ներկայացուցիչ չէ։ Նրա ընկերությունները տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանի ռազմական տնտեսության պայմաններում, իսկ ինքը հետևել է Կրեմլի չգրված կանոնին՝ զբաղվել բիզնեսով և չմիջամտել քաղաքականությանը։ Սակայն այժմ, ըստ The Economist-ի, նա այլևս չի կարող անտեսել այն, թե ինչպես է երկիրը սահում դեպի ավելի խորացող ավտորիտարիզմ։
Պարբերականը նշում է, որ մոտ 60 ժամ տևած հարցազրույցների ընթացքում Մելնիչենկոն ներկայացրել է իր պատկերացումները Ռուսաստանի ապագայի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմը ոչ միայն չի լուծում Ռուսաստանի խնդիրները, այլև երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ։ Թեև Ռուսաստանի տնտեսությունը մոտ ապագայում չի փլուզվի, հասարակության շրջանում աճում են հոգնածությունն ու դժգոհությունը։
The Economist-ը գրում է, որ պատերազմն արդեն զգացվում է նաև Ռուսաստանի ներսում․ ուկրաինական հարվածներից հետո վառելիքի պակաս է առաջացել, բենզալցակայաններում հերթեր ու բախումներ են գրանցվում, աճում է դժգոհությունը հարկադիր զորակոչից, իսկ պատերազմի վերաբերյալ քննադատական հրապարակումները լայն տարածում են գտնում սոցիալական ցանցերում։ Այս ամենը հակասում է Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե «հատուկ ռազմական գործողությունը» հաջող ընթացքի մեջ է։
Պարբերականի փոխանցմամբ՝ Մելնիչենկոն զգուշացնում է, որ Կրեմլը կարող է փորձել հաղթահարել ներքին ճնշումը՝ պատերազմի հետագա սրմամբ և երկրում ավելի կոշտ ճնշումներով։ Նրա ամենամռայլ սցենարներից մեկը նույնիսկ ենթադրում է տակտիկական միջուկային զենքի կիրառման վտանգ, թեև արևմտյան փորձագետների մեծ մասը նման զարգացումը դեռ քիչ հավանական է համարում։
The Economist-ի ներկայացմամբ՝ ռուս գործարարը նկարագրում է Ռուսաստանի զարգացման մի քանի հնարավոր ուղի, և բոլորն էլ վտանգավոր են։ Ամենածայրահեղ տարբերակներից մեկով երկիրը կարող է սուզվել քաոսի մեջ, որտեղ տարբեր խմբավորումներ կպայքարեն ռեսուրսների և նույնիսկ միջուկային զինանոցի վերահսկողության համար։ Մյուս սցենարով Ռուսաստանը կարող է հայտնվել Չինաստանի խորացող ազդեցության տակ կամ վերածվել աղքատացած, Եվրոպայի ծայրամասում գտնվող կախյալ պետության։ Երրորդ տարբերակում երկիրը կարող է մեկուսանալ արտաքին աշխարհից՝ դառնալով Հյուսիսային Կորեայի նման փակ պետություն, որը մշտական դիմակայության մեջ կլինի աշխարհի հետ։
Միաժամանակ, ինչպես նշում է The Economist-ը, Մելնիչենկոն հստակ չի բացատրում, թե ինչպես կարելի է խուսափել այդ սցենարներից։ Նա կոչ է անում Արևմուտքին չձգտել Ռուսաստանին հասցնել լիակատար պարտության, այլ որոնել խաղաղ համակեցության ուղիներ։ Ռուսաստանի ներսում, նրա կարծիքով, անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որոնք կավարտեն մեկ անձի գերիշխանությունը և իշխանությունը կբաշխեն ավելի լայն շրջանակի միջև, թեև նա բացահայտ չի խոսում ժողովրդավարության մասին։
Հոդվածի վերջում The Economist-ը պատմական զուգահեռ է անցկացնում 1905-ի ռուս-ճապոնական պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ արդյունաբերողները և տեխնոկրատները Նիկոլայ Երկրորդ կայսերը ստիպեցին ընդունել քաղաքական բարեփոխումներ։ Թեև այդ փոփոխությունները կարճ կյանք ունեցան, պարբերականը եզրակացնում է, որ Ռուսաստանի համար գլխավոր դասը մնում է նույնը՝ երկիրը կարիք ունի ոչ թե կարճաժամկետ, այլ տևական բարեփոխումների։












