Գլխավոր Լրահոս

Ցարերից մինչև Պուտին. Ուկրաինայի տեղը ռուսական մեծապետական մտածողության մեջ

Կայսր Նիկոլայ II-ն ընդունում է Կիևի նահանգի վոլոստների՝ գյուղական վարչական միավորների ավագների պատվիրակություններին, 1911 թ.։ Աղբյուրը՝ eesiag.com։

Կայսր Նիկոլայ II-ն ընդունում է Կիևի նահանգի վոլոստների՝ գյուղական վարչական միավորների ավագների պատվիրակություններին, 1911 թ.։ Աղբյուրը՝ eesiag.com։

Հուլիսի 8-ին Երևանում Մոնթերեյի սիմպոզիումի (Monterey Institute of Russian Studies) շրջանակում բրիտանացի պատմաբան Դոմինիկ Լիվենը ներկայացրեց Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների երկարաժամկետ պատմական դիտանկյունը։ Ռուս-ուկրաինական պատերազմը նա դիտարկում է կայսրությունների փլուզման և ազգային պետությունների ձևավորման համաշխարհային պատմության համատեքստում։

Դոմինիկ Լիվենը բրիտանացի պատմաբան է, Ռուսական կայսրության, Նապոլեոնյան պատերազմների և Առաջին աշխարհամարտի պատմության մասնագետ։ Նա սերում է Ռուսական կայսրության բալթյան գերմանական ազնվական Լիվենների տոհմից, որի ներկայացուցիչները ծառայել են ցարական արքունիքում, բանակում և դիվանագիտական համակարգում։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի պատվավոր անդամ և Բրիտանական ակադեմիայի անդամ Լիվենի ուսումնասիրությունների առանցքում են կայսրությունները, մեծ տերությունների մրցակցությունը և ազգային շարժումների ազդեցությունը պետությունների ճակատագրի վրա։ Ստորև ներկայացված է դասախոսության հայերեն խմբագրված տարբերակը։

Ենթավերնագրերով բաժանումները պայմանական են և արվել են տեքստը հեշտ ընթեռնելի դարձնելու համար։

Կայսրություններից՝ ազգային պետություններ

Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հեռավոր անցյալին նայել, այլև լայն համեմատություններ անել։ Իմ մոտեցումը կապված է կայսրությունների ավարտի վերաբերյալ ուսումնասիրություններիս հետ։

Դեռևս 1890-ականներին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարության գլխավոր իրավական խորհրդատու Ֆյոդոր Մարտենսը միջազգային իրավունքի իր աշխատության մեջ նշում էր, որ պետությունների օրինականության հիմնավորման գերիշխող սկզբունքը գնալով դառնում է ժողովրդական ինքնիշխանության և ազգայնականության համադրությունը։

Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր ժողովուրդ, որը սովորաբար սահմանվում է լեզվով, պատմությամբ, էթնիկ պատկանելությամբ, երբեմն նաև կրոնով, պետք է ունենա ինքնիշխան պետություն։

Մարտենսը զգուշացնում էր, որ եթե այս սկզբունքը կիրառվեր Ռոմանովների, Հաբսբուրգների, Հոհենցոլերների և Օսմանյան դինաստիայի տիրապետության տակ գտնվող հսկայական տարածքների նկատմամբ, հետևանքը կլիներ համատարած քաոս։ Նա իրավացի էր։

Երկու համաշխարհային պատերազմ պահանջվեց, որպեսզի այդ տարածքների մեծ մասը կայսրությունների աշխարհից վերածվեր, առնվազն սկզբունքորեն, ազգային պետությունների աշխարհի։

Այդ պատերազմների հետ էին կապված նաև արդի պատմության երկու ամենասարսափելի ցեղասպանությունները։ Հայոց ցեղասպանությունն անմիջականորեն առնչվում էր Բալկանյան պատերազմների հետևանքներին, ապա նաև Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններին։

Հրեաների ցեղասպանությունը ռազմական տրամաբանություն չուներ։ Այն հակասում էր նույնիսկ հաջող գերմանական կայսերական քաղաքականության տրամաբանությանը։ Բավական է հիշել հրեա ներգաղթյալների դերը Մանհեթենի նախագծում։ Այդուհանդերձ, այն չէր կարող տեղի ունենալ համաշխարհային պատերազմի համատեքստից դուրս։

Երկու պատերազմներից հետո մենք կարծես հասանք հարաբերական կայունության մի հանգրվանի։ Դա մասամբ հյուծվածության, մասամբ գերմանական կայսերական նկրտումների վերջնական պարտության, մասամբ էլ մեծածավալ էթնիկ զտումների հետևանք էր։

Բայց պահպանվել էր ևս մեկ մեծ կայսրություն՝ որոշակի իմաստով նոր տիպի կայսրություն՝ Խորհրդային Միությունը։ Դրա փլուզումը կրկին բացեց Պանդորայի արկղը։

Մենք այժմ Ուկրաինայում ընթացող սարսափելի պատերազմի մեջ ենք։ Եղել են նաև այլ, ավելի փոքր հակամարտություններ։ Այդուհանդերձ, կայսրությունների ավարտի ավելի վաղ պատմական օրինակների համեմատությամբ մենք դեռ համեմատաբար բարեհաջող ենք անցել այս գործընթացով։ Շեշտում եմ՝ առայժմ։

Մերձավոր Արևելքում նույնպես որոշ չափով դեռ ապրում ենք Օսմանյան կայսրության փլուզման առաջացրած քաոսի պայմաններում։ Այդ հսկայական տարածաշրջանը երկար ժամանակ կազմակերպված էր դինաստիական իշխանության, իսլամի և համայնքային պատկանելության սկզբունքներով։ Օսմանյան համակարգում կարևոր էին միլլեթները՝ կրոնական համայնքները։

Այդ միջավայրը դժվարությամբ էր ընդունում եվրոպական՝ մեկ ազգի ինքնիշխան պետության պատկերացումը՝ անկախ նրանից՝ ազգը սահմանվում էր քաղաքացիությամբ, թե էթնիկ ծագմամբ, պատմությամբ ու լեզվով։

Ասիայի խոշոր պետություններից շատերն այսօր կայսրություններ չեն։ Բայց դրանք շատ ավելի մոտ են կայսրությունների ժառանգորդներին, քան եվրոպական միատարր ազգային պետության իդեալին։ Դա վերաբերում է Հնդկաստանին, Ինդոնեզիային, Իրանին, որոշ չափով՝ նաև Պակիստանին և Չինաստանին։

Ճապոնիան այլ օրինակ է։ Պատճառներից մեկը, թե ինչու այն դարձավ ժամանակակից կապիտալիզմի առաջին խոշոր ասիական կենտրոնը, մոնոէթնիկության առավելությունն էր։ Այդ աստիճանի մոնոէթնիկության մասին եվրոպացի ամենամոլի ազգայնականներն անգամ չէին կարող երազել։

Ինչու է կայսրության փլուզումը վտանգավոր

Կայսրությունների ավարտի վերաբերյալ մի քանի հիմնարար դիտարկում կարելի է անել։ Դրանք բոլորն առնչվում են Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցածին։

Նախ՝ կայսրությունները, ըստ սահմանման, մեծ տերություններ են։ Մեծ տերության թուլացումը, փլուզումը և դրա հետևանքները հսկայական անկայունություն են առաջացնում միջազգային համակարգում։ Ստեղծվում են աշխարհաքաղաքական դատարկություններ, միջամտելու գայթակղություններ, վախեր և նոր հավակնություններ։

Երկրորդ՝ կայսրություններում բազմաթիվ համայնքներ ապրում են միմյանց հետ խառնված։ Երբ փորձում եք դրանք բաժանել միջազգային կոշտ սահմաններով, սահմանը երբեմն անցնում է տատիկի և թոռների տների միջև։

Կայսրությունը հեշտ կամ բոլորի համար արդար բաժանելու միջոց չկա։ Գրեթե անխուսափելի է, որ ինչ-որ մեկը տուժելու է, և հաստատ ինչ-որ մեկը իրեն զոհ է զգալու։

Աշխարհագրական խնդրին ավելանում է գաղափարականը։ Ավանդական դինաստիական կայսրությունում, որոշ չափով նաև Խորհրդային Միությունում, ազգությունը վերջնական որոշիչը չէր։ Դինաստիական կայսրությունում ինքնիշխանը ժողովուրդը չէր, այլ կայսրը։

Հաբսբուրգյան միապետության ավստրիական հատվածում, 1867 թվականից մինչև դրա ավարտը, չեխերի ու գերմանացիների բախումները Բոհեմիայի խորհրդարանում երբեմն հասնում էին իրար վրա կահույք նետելուն։

Բայց որքան էլ դա տհաճ լիներ, վերջնական առումով այնքան էլ վճռորոշ չէր։ Ինքնիշխանը կայսրն էր։ Բանակը, ոստիկանությունը և դատական համակարգը ենթարկվում էին նրան, ոչ թե որևէ ընտրող հանրության։ Պետությունը շարունակում էր գործել։

Կայսրությունից հետո, երբ ինքնիշխանությունը վերագրվում է ժողովրդին, սկսվում է շատ ավելի վտանգավոր վեճը՝ ովքեր են այդ ժողովուրդը, և հատկապես՝ ովքեր չեն պատկանում նրան։

Երրորդ՝ ցամաքային կայսրությունների փլուզումն ավելի վտանգավոր է և ավելի հաճախ է անկայունություն առաջացնում, քան անդրծովյան կայսրություններինը։ Պատճառը պարզ է. նախկին կայսերական կենտրոնն անմիջականորեն ներգրավված է նոր պետությունների խնդիրներում։

Այն մասնակցում է սահմանային վեճերին։ Նրա ազգային փոքրամասնությունները կարող են հայտնվել նոր սահմանների մյուս կողմում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնությունից դուրս մնաց մոտ 25 միլիոն ռուս։

Նախկին կայսերական կենտրոնը նաև, գրեթե անխուսափելիորեն, մնում է տարածաշրջանի ամենահզոր պետությունը։ Այն դժգոհ է կորցրած ուժից և կարգավիճակից, միաժամանակ պահպանում է իր գերիշխանությունը վերականգնելու հնարավորությունը։

Պարտադիր չէ տարածքներ ուղղակի վերանվաճել։ Կարելի է ձգտել անուղղակի վերահսկողության անմիջական հարևանների նկատմամբ։ Ռուսաստանի դեպքում այս ամենի նշանակությունը երկար բացատրելու կարիք չկա։

Կայսրությունների հետևանքները չեն ավարտվում մեկ սերնդով

Կայսրության փլուզման հետևանքները լիովին ի հայտ գալու համար հաճախ պահանջվում է մի ամբողջ սերունդ, երբեմն՝ ավելի երկար ժամանակ։

Հետկայսերական տարածքային կարգավորման ամենաանխոհեմ օրինակներից էր 1947 թվականին Պակիստանի ստեղծումը՝ Արևելյան և Արևմտյան Պակիստանների միավորմամբ։ Այսինքն՝ մեկ պետության մեջ ներառվեցին այսօրվա Պակիստանն ու Բանգլադեշը։

Եթե երբևէ եղել է պետություն, որի կառուցվածքն ի սկզբանե փլուզման հիմքեր էր պարունակում, դա այս օրինակն էր։ Այդուհանդերձ, դրա բաժանման համար պահանջվեց մոտ քառորդ դար։

Մարդկային գործերում, հատկապես միջազգային սահմանների հարցում, երբեք չպետք է թերագնահատել իներցիան։ Կան լավ պատճառներ, թե ինչու այն կարող է օգտակար լինել։ Բայց կայսրության ավարտից տասը տարի անց ուրախանալը, թե ամեն ինչ բարեհաջող ավարտվել է, կարող է վաղաժամ լինել։

Արևմտաեվրոպական անդրծովյան կայսրությունների համեմատությամբ Բրիտանական կայսրության ապամոնտաժումը, թերևս, փոքր-ինչ ավելի լավ էր կազմակերպված, քան ֆրանսիական կամ հոլանդական տերություններինը։ Հատկապես անգլիացիների տեսանկյունից՝ նրանք չունեցան Ալժիրում կամ Ինդոնեզիայում զոհվող սեփական զինվորների նույն փորձը։

Բայց տասնամյակներ անց մենք դեռ ապրում ենք Բրիտանական կայսրության փլուզման հետևանքներով։ Դրանցից մի քանիսը ժամանակակից աշխարհի ամենասուր և վտանգավոր ճգնաժամերի հիմքում են։

Ամենաակնհայտ օրինակը Քաշմիրն է։ 1947 թվականի հետկայսերական ճգնաժամը հանգեցրեց երեք պատերազմի և միջուկային մակարդակի հասնող առճակատման։

Պատկերացրեք պակիստանյան ահաբեկչական կազմակերպության հարձակումը Հնդկաստանի ղեկավարության դեմ։ Դժվար է ասել, թե դրանից հետո ուր կհասներ իրավիճակը։

Պատկերացրեք նաև Պակիստանի պետության ներքին փլուզումը, այդ թվում՝ բնապահպանական ճգնաժամի պատճառով։ Այնտեղի ջրհեղեղներն արդեն ցույց են տվել աղետի հնարավոր մասշտաբը։ Իսկ կլիմայի փոփոխության իրական քաղաքական ազդեցությունը դեռ ամբողջությամբ չի դրսևորվել։

Կարելի է հիշել նաև Պաղեստինը, բայց հիմա այդ թեմայի մեջ չեմ խորանա։

Բրիտանական փորձի մեջ առանձնահատուկ է Իռլանդիան։ Բրիտանացիները կարողացան ազատվել իրենց անդրծովյան կայսրության նկատմամբ պատասխանատվությունից։ Այն տարածքը, որտեղ նրանք մնացին ներգրավված, Իռլանդիան էր։ Սա ևս հուշում է, թե ինչու են ցամաքային կայսրությունների խնդիրներն ավելի բարդ։

Խորհրդային փլուզումը՝ բրիտանական համեմատությամբ

1990-ականներին բրիտանական լսարաններին այնքան հաճախ էի առաջարկում այս համեմատությունը, որ մարդիկ, հավանաբար, արդեն հոգնել էին դրանից։

Խորհրդային Միության փլուզումը բրիտանական տեսանկյունից հասկանալու համար պատկերացրեք, որ 1930-ականներին բրիտանական կայսրությունը գրեթե մեկ գիշերվա ընթացքում քայքայվում է՝ առանց պատերազմի։

Այդ ժամանակ բրիտանացիների մեծ մասն այն ընդունում էր որպես բնական իրողություն։ Կայսրությունը պարզապես գոյություն ուներ։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ այն նաև ընդհանուր առմամբ համարվում էր բարեգործ դեր ունեցող կառույց։

Հիմա պատկերացրեք, որ դրան զուգահեռ առանձնանում են Շոտլանդիան և Ուելսը։ Այս համեմատության մեջ նրանց տեղում Ուկրաինան և Բելառուսն են։

Ավելացրեք 1930-ականների տնտեսական ճգնաժամից ավելի ծանր անկում։ Ապա պատկերացրեք նաև սահմանադրական միապետության և խորհրդարանական կառավարման համակարգի փլուզումը։ Դա մոտավորապես համապատասխանում է խորհրդային կոմունիստական կուսակցության և միութենական պետության միաժամանակյա կործանմանը։

Նույնիսկ 1930-ականների հանգիստ, թեյ խմող անգլիացիներն այդ պայմաններում կկորցնեին իրենց սառնասրտությունը։

Իրականում համեմատությունը լիովին համարժեք չէ. ռուսական տեսանկյունից իրավիճակն ավելի ծանր էր։

Նույնիսկ ամենատարօրինակ անգլիացին չէր անհանգստանում, թե անգլիական պետության, միապետության կամ կրոնի ակունքները Շոտլանդիայում են։ Պարզ պատճառով՝ դրանք այնտեղ չէին։

Իսկ ռուսական միապետության, պետականության և ուղղափառ եկեղեցու ակունքները գտնվում էին, կամ առնվազն կարող էին այդպես մեկնաբանվել, 1991 թվականի Ուկրաինայի տարածքում։

Սա մեզ բերում է Վլադիմիր Պուտինի այն պատկերացմանը, թե ռուսները, բելառուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։

Ընդհանուր ծագումը և տարբեր պատմական ուղիները

Եթե հետ գնանք հազար կամ ավելի տարի, կարելի է ընդունել, որ ռուսների, բելառուսների և ուկրաինացիների նախնիներն ավելի նման էին միմյանց, քան ժամանակակից անգլիացիների կազմավորման հիմքում ընկած ռոմանացված բրիտոնները, անգլոսաքսերն ու սկանդինավցիները։

Բայց 1200 տարին շատ երկար ժամանակ է։ Ժամանակակից ազգերը չեն ծնվել իրենց վերջնական տեսքով և այդպես անփոփոխ մնացել։ Իհարկե, դրանք փոխվել են։

Անգլիան փոքր երկիր է՝ լավ հաղորդակցություններով։ Այն վաղուց աշխարհի առավել զարգացած արդյունաբերական և առևտրային երկրներից էր։ Այլ կերպ ասած՝ ավելի սերտորեն ինտեգրված էր։

Առավել կարևոր է այն, որ անգլոսաքսերի և սկանդինավցիների ժառանգները ավելի քան հազար տարի ապրել են ընդհանուր իրավական համակարգի և մեկ միապետական պետության ներքո։

Ուկրաինական փորձն այլ է։ Մինչև 1654 թվականը ներկայիս ուկրաինացիների նախնիները գրեթե չէին ապրել ռուսական միապետության իշխանության տակ։

Շատ կարևոր է նաև, որ ուկրաինացիների մեկ քառորդն ապրում էր Հաբսբուրգների իշխանության ներքո և Խորհրդային Միության մաս դարձավ, ըստ էության, միայն 1945 թվականին։

Բացի այդ, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան հսկայական տարածք են՝ Բրիտանիայի համեմատ շատ ավելի թույլ տնտեսական զարգացմամբ և ինտեգրմամբ։

Հիմա տեղափոխվենք 19-րդ դարի կեսերը՝ մի ժամանակաշրջան, որն ինձ ավելի ծանոթ է։

1850 թվականի պայմաններում Պուտինի պատկերացման օգտին որոշ փաստարկներ կարելի է գտնել։ Քաղաքական համայնքն այն ժամանակ հիմնականում կազմված էր հողատեր ազնվականությունից և պետական պաշտոնյաներից։

Ուկրաինայում ու Բելառուսում այդ մարդիկ հաճախ ունեին տեղական ինքնություն և հպարտություն, ինչպես Յորքշիրի հողատերերը կամ Ջեյն Օսթինի միջավայրի մարդիկ։ Բայց քաղաքական առումով նրանք կասկած չունեին, որ պատկանում են ցարի ղեկավարած ռուսական քաղաքական համայնքին։

Ուկրաինական անկախությունը դեռ նրանց տեսադաշտում չէր։ Սակայն այստեղ երկու բան պետք է հաշվի առնել։

Նախ՝ մենք խոսում ենք նախաարդիական աշխարհի մասին։ Այսօրվա Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը գյուղացիներ էին։ Նրանց համար հայրենիքը սեփական գյուղն էր, լավագույն դեպքում՝ գյուղն ու մոտակա շուկա ունեցող քաղաքը։

Ավելի լայն պատկանելությունը կապված էր կրոնի՝ ուղղափառության, որոշ չափով նաև միապետության հետ։ Ցարն ընկալվում էր որպես ուղղափառ համայնքի պաշտպան և արդարության հեռավոր մարմնավորում՝ առօրյա կյանքի բացառիկ դաժան շահագործման պայմաններում։

Նախաարդիական և արդիական հասարակությունների միջև այստեղ հսկայական տարբերություն կա։

Երկրորդ՝ 1850 թվականին Բավարիան անկախ պետություն էր։ Վիկտորյան դարաշրջանի մարդկանց մեծ մասի համար Շոտլանդիայի նորից անկախ դառնալն աներևակայելի էր։ Ուկրաինական անկախության գաղափարն էլ գրեթե ոչ մեկի մտքով չէր անցնում։

Այսօր Ուկրաինան անկախ պետություն է։ Շոտլանդիան կարող է այդպիսին դառնալ։ Իսկ Բավարիայի՝ կրկին անկախ պետություն դառնալը գրեթե աներևակայելի է։

Իմ ասածը պարզ է. իրողությունները փոխվում են։

Ուկրաինան՝ Ռուսաստանի հզորության հիմքում

1900–1914 թվականներին ուկրաինական հարցը սկսում էր վերածվել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական աշխարհաքաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկի։

Պատճառները պարզ էին։

Այսօրվա Ուկրաինայի տարածքի՝ ռուսական կայսրության կազմում գտնվող հատվածները գյուղատնտեսական արտահանման կենտրոնն էին։ Այդ արտահանումից էր կախված կայսրության տնտեսական արդիականացման ամբողջ ռազմավարությունը։

Այդտեղ էին նաև քարածխի, երկաթի և մետաղագործական արդյունաբերության առանցքային կենտրոնները, որոշ չափով՝ դրանց հետ կապված սպառազինության արտադրությունը։

Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Ստալինը դեռ չէր ստեղծել Ուրալի և Արևմտյան Սիբիրի ռազմարդյունաբերական համալիրը։ Առանց Ուկրաինայի Ռուսաստանն այդ պայմաններում կդադարեր մեծ տերություն լինել։ Իսկ եթե Ռուսաստանը դադարեր մեծ տերություն լինել, Գերմանիան կգերիշխեր Եվրոպայում։

Ռուսական տեսանկյունից խնդիրը դրանով չէր ավարտվում։

Եթե ուկրաինացիները քաղաքական իմաստով ռուս էին, ապա բելառուսներն էլ էին ռուս։ Այդ հաշվարկով կայսրության բնակչության մոտ երկու երրորդը ռուս էր։

Այդ ժամանակ գրեթե ինքնին հասկանալի էր համարվում, որ ավելի փոքր ժողովուրդները՝ լատվիացիները, լիտվացիները, հայերը և մյուսները, երբեք չեն կարող ունենալ անկախ պետականություն։

Նաև սովորաբար ենթադրվում էր, և հիմնականում՝ ճիշտ, որ ընտրության առաջ կանգնելով՝ հայը կամ լատվիացին կնախընտրեր ցարին, ոչ թե գերմանական կայզերին կամ օսմանյան սուլթանին։

Կենտրոնական Ասիան համարվում էր ազգային շարժումների առումով դեռևս չափազանց հետամնաց՝ քաղաքական նշանակություն ունենալու համար։

Այս պատկերացման մեջ մնում էին հիմնականում լեհերը։ Նրանց նկատմամբ ցարական բնազդը մեկ կամ երկու սերունդը մեկ ուժ կիրառելն էր՝ հիշեցնելու, թե ով է իշխողը։

Եթե, սակայն, ուկրաինացիները, հետևաբար նաև բելառուսները, կարող էին դառնալ առանձին ինքնիշխան ժողովուրդներ, Ռուսական կայսրությունը գնալով կնմանվեր իր խոցելի մրցակիցներին՝ Օսմանյան և Ավստրո-հունգարական կայսրություններին։

Աճող էթնալեզվական ազգայնականության դարաշրջանում սա վճռորոշ խնդիր էր բոլոր ուղղություններով։

Դրա նշանակությունն ավելի էր մեծացնում այն հանգամանքը, որ ուկրաինացիների մեկ քառորդը Հաբսբուրգների հպատակներն էին։ Ավստրիական Գալիցիան ուկրաինական ազգայնականության հիմնական կենտրոնն էր։

Եվրոպայի քարտեզը՝ Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Աղբյուրը՝ www.diercke.com։
Եվրոպայի քարտեզը՝ Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Աղբյուրը՝ www.diercke.com։

Ուկրաինական հարցը դեռ չէր զբաղեցնում ռուսական քաղաքականության կամ ռուս-ավստրիական հարաբերությունների օրակարգի առաջին տեղը։ Բայց առավել հեռատես գործիչներն արդեն հասկանում էին, որ այն կարող է դառնալ ապագայի առանցքային խնդիրը։

Միխայիլ Մենշիկովը՝ տհաճ, բայց շատ խելացի գործիչ, և Պյոտր Ստրուվեն այն դիտարկում էին որպես հնարավոր հարված կայսրության սրտին։

1912 թվականին Ավստրո-հունգարիայի ընդհանուր նախարարական խորհրդում որոշ ղեկավարներ քննարկում էին Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը՝ Բալկաններում պատերազմի վտանգի հանդեպ ընդհանուր մտահոգության հիման վրա։

Լեոպոլդ Բերխտոլդը հիշեցնում էր, որ հորիզոնում արդեն երևում է ռութենական, այսինքն՝ ուկրաինական հարցը։ Ուկրաինական առանձին քաղաքական ինքնությանն Ավստրիայի աջակցությունը ռուսական ղեկավարությունն ընկալում էր որպես հարված Ռուսական կայսրության հիմքերին։

Նա ճիշտ էր։

Ռուս-ավստրիական հարաբերությունների փլուզումը հանգեցրեց պատերազմին։ Այդ պատճառով կարծում եմ, որ նույնիսկ եթե պատերազմը չսկսվեր 1914 թվականին, մեծ հավանականություն կար, որ այն կսկսվեր դրանից ոչ շատ անց։

1918 թվականի Ուկրաինան և Գերմանիայի հաղթանակի հնարավորությունը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները, իմ կարծիքով, Եվրոպայում իրենց գերիշխանությունը հաստատելուն ավելի մոտեցան, քան Նապոլեոնը կամ Հիտլերը։

Նրանք ձախողեցին, քանի որ Միացյալ Նահանգներին ներքաշեցին պատերազմի մեջ հենց այն ժամանակ, երբ ռուսական հեղափոխությունը Ռուսաստանին դուրս էր բերում պատերազմից։

Եթե կարողանային ամրապնդել Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ձեռք բերած դիրքերը, կհաղթեին Առաջին համաշխարհային պատերազմում։ Արևմտյան ճակատում հաղթանակ պետք չէր։ Բավական էին այնտեղ ուժերի փակուղին և Բրեստ-Լիտովսկով հաստատված դիրքերը։

Բրեստ-Լիտովսկի ամենակարևոր հետևանքներից մեկը անկախ Ուկրաինայի ի հայտ գալն էր։ Այդ պետությունն այն ժամանակ կարող էր գոյատևել միայն որպես գերմանական պրոտեկտորատ՝ Գերմանիայի հովանավորության ներքո գտնվող երկիր։

Եվրոպայի քարտեզը՝ ըստ 1918-ի Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի։ Աղբյուրը՝ omniatlas-media.b-cdn.net։
Եվրոպայի քարտեզը՝ ըստ 1918-ի Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի։ Աղբյուրը՝ omniatlas-media.b-cdn.net։

Այն չէր կարող պաշտպանվել արտաքին հակառակորդներից՝ լեհերից և ռուսներից։ Ներքին իրավիճակն էլ բարդ էր։ Երկրում կային ռուս, լեհ և հրեա հակառակորդներ։ Բնակչության զգալի հատվածը սոցիալիստական հայացքներ ուներ և պատրաստ էր իրեն կապել Մոսկվայի սոցիալիստական իշխանության հետ։

Բայց ամենակարևորն այն էր, որ ուկրաինական գյուղացիության մեծ մասը դեռ իրեն ուկրաինացի չէր զգում։

Գերմանացիներն ու ուկրաինացիները բնական դաշնակիցներ էին, քանի որ ունեին ընդհանուր հակառակորդներ։

Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ 1918 թվականին ձևավորված անկախ Ուկրաինան ոչ լեգիտիմ էր։ Ժամանակ ունենալու դեպքում ուկրաինացիները կարող էին անել այն, ինչ արել էին այլ երկրներ՝ կրթական համակարգի միջոցով զանգվածների մեջ ձևավորել ուկրաինական ինքնության զգացում։

Բրեստ-Լիտովսկից հետո ի հայտ եկած սաղմնային ուկրաինական ազգային պետությունը հաստատ ավելի խոստումնալից էր, քան պատերազմից հետո բրիտանական պրոտեկտորատի տեսքով ձևավորվող Իրաքը։ Բրիտանացիները ցանկանում էին իրենց ձեռքը վերցնել Միջագետքի նավթը։

Այս համեմատությամբ ես չեմ փորձում կասկածի տակ դնել ուկրաինական պետականության հիմքերը։

Խորհրդային ինքնությունը և Գալիցիայի ազդեցությունը

Տեղափոխվենք 1988–1991 թվականներ։ Այստեղ կան մարդիկ, որոնք այս թեման ինձնից ավելի լավ գիտեն։ Նրանց կթողնեմ քննարկել՝ արդյոք ուկրաինական ազգային ինքնությունը լայն բնակչության մեջ ավելի խոր արմատներ ուներ, քան 1914 թվականին։

Ինձ թվում է՝ ուներ։ Դա բավական ակնհայտ է։

Բայց մի քանի բան պետք է ավելացնել։

Շատ մարդիկ իրենց առաջին հերթին չէին սահմանում որպես ուկրաինացի կամ ռուս։ Հին ժամանակներում կար լայն սահմանամերձ գոտի, որտեղ գյուղացիները խոսում էին մի լեզվով, որը դժվար հասկանալի էր թե՛ Կիևում, թե՛ Պետերբուրգում։

Կային բազմաթիվ խառն ամուսնություններ։ Մարդիկ ունեին նաև խորհրդային ինքնություն։

Նույնիսկ ռուսական ինքնության ընկալումները կարող էին տարբեր լինել։ Եթե մեկի համար դրա մարմնավորումը Ստալինն էր, իսկ մյուսի համար՝ Նիկոլայ Երկրորդը, դա արդեն խնդիր էր։

Կային նաև տեղական ինքնություններ։ Դոնբասը կարևոր օրինակ է։ Այն հանքագործական համայնքների տարածաշրջան էր, իսկ նման համայնքներն ունեն համատեղ պատկանելության շատ ուժեղ զգացում։ Պատճառներից մեկն այն է, որ երբ հանքը փլուզվում է, բոլորը միասին են զոհվում։ Դոնբասում հանքագործությունն արդեն շատ վտանգավոր էր։

Ստալինը զգալի ներդրում ունեցավ խորհրդային Ուկրաինայի մեծ մասում ուկրաինական ինքնության ուժեղացման, նույնիսկ գերիշխող դառնալու գործում՝ միացնելով նախկին հաբսբուրգյան Գալիցիան։

Դեռևս 1914 թվականին Պյոտր Դուրնովոն Նիկոլայ Երկրորդին զգուշացնում էր այս մասին։

Նրա գնահատմամբ՝ ուկրաինական ազգային շարժումն այդ պահին լիովին վերահսկելի էր։ Բայց եթե Ռուսաստանը միացներ ավստրիական Գալիցիան՝ ուկրաինական ազգայնականության հիմնական կենտրոնը, ինչպես ցանկանում էին ռուս ազգայնականներից շատերը և հետագայում արեց Ստալինը, իրավիճակը կարող էր արագ դուրս գալ վերահսկողությունից։

Կարծում եմ՝ նա ճիշտ էր։

Կա նաև հետաքրքիր քննարկման առարկա, որի պատասխանը ես չգիտեմ։ Եթե Ստալինը չմիացներ Բալթյան հանրապետությունները և նախկին ավստրիական, ապա լեհական Գալիցիան, Խորհրդային Միության տարածքային հիմնական կորիզը գուցե կարողանար գոյատևել կոմունիզմի ավարտից հետո։

Շեշտում եմ՝ գուցե։ Նման հարցերի պատասխանը մենք չենք կարող իմանալ։

Պուտինի պատերազմը, Ղրիմը և Դոնբասի բեռը

2022 թվականին չափազանց անխոհեմ էր Պուտինի պատկերացումը, թե հնարավոր է ոչնչացնել ուկրաինական ինքնությունը։

Ժխտելով դրա գոյությունը՝ նա ավելի շատ բան արեց այդ ինքնությունը ձևավորելու համար, քան պատմության որևէ այլ անհատ։

Պատճառն այն է, որ նրա ագրեսիայի գլխավոր թիրախները դարձան հարավի և արևելքի սահմանամերձ շրջանները՝ ավանդաբար ռուսախոս և հաճախ ռուսամետ տարածքները։

Պատերազմի սկզբից ինձ թվում էր, որ այս պատերազմում լիակատար հաղթանակը աղետ կլիներ՝ թե՛ ռուսների, թե՛ ուկրաինացիների համար։

Ռուսներին առայժմ մի կողմ թողնենք և հարցին նայենք Ուկրաինայի տեսանկյունից։

Ղրիմը վերադարձնելը շատ առումներով արդարացի կլիներ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա անշուշտ արդարացի կլիներ։ Այն նաև կփրկեր Ղրիմի թաթարներին այն գործընթացից, որն ըստ էության էթնոցիդ է՝ ազգային և մշակութային ինքնության ոչնչացում, ոչ թե ցեղասպանություն։

Բայց հաշվի առնելով հետպատերազմյան ուկրաինական պետության խնդիրները՝ արդյոք ցանկալի՞ է մյուս բոլոր դժվարություններին ավելացնել նաև Ղրիմի ռուս բնակչության հարցը։

Դոնբասի խնդիրն ավելի սուր է։ Մինչև 2014 թվականի այս աղետի սկիզբը այն արդեն Եվրոպայի հին ու անկում ապրող արդյունաբերական խոշորագույն գոտին էր։

Իմ կարծիքով՝ և՛ Մոսկվայի, և՛ Կիևի համար տրամաբանական կլիներ ձգտել, որ Դոնբասն անցնի մյուս կողմին, և հենց նա ստիպված լինի վերականգնել այն։ Դա լինելու է աղետալի բեռ։

Անձնական պատմություն

Ավարտեմ անձնական մի պատմությամբ։

Մեր ընտանիքի հիմնական կալվածքները այսօրվա Բալթյան երկրներում էին։ Բայց մենք նաև ունեցվածք ունեինք այնտեղ, որտեղ այսօր Դոնեցկն է՝ հանքերն ու բնակավայրի տարածքը։

Դրանք նախ վարձակալության տրվեցին, ապա վաճառվեցին Հյուզ ազգանունով մի ուելսցի կապիտալիստի։ Այդ պատճառով էլ քաղաքը մինչև հեղափոխությունը կոչվում էր Յուզովկա։

Եթե որևէ մեկը որոշի, որ խաղաղության լավագույն լուծումը Դոնեցկն ինձ վերադարձնելն է, ես մորուք կաճեցնեմ, անունս կփոխեմ և հնարավորինս արագ կմեկնեմ Նոր Զելանդիա։

Կարծում եմ՝ նման վերաբերմունքը բավական խելամիտ կլիներ նաև Մոսկվայում և Կիևում։ Բայց քաղաքական առումով դա անհնար է։

Եվ այս պատերազմը շարունակվում է, երբ գլխավոր խոչընդոտը դարձել է Դոնբասը։ Իմ կարծիքով՝ սա անհեթեթություն է։ Եվ ողբերգություն։

Ծանոթագրություններ

Ուկրաինացիների բաժանումը երկու կայսրությունների միջև. Լիվենը երկու անգամ օգտագործում է մեկ քառորդի գնահատականը՝ առանց նշելու հաշվարկի թվականը կամ ժողովրդագրական հիմքը։ Այն պահպանված է որպես նրա ձևակերպում, ոչ որպես անկախորեն հաստատված ճշգրիտ համամասնություն։ Պատմաբան Իվան Ռուդնիցկու ուսումնասիրության համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ավստրո-հունգարիայում բնակվում էր մոտ չորս միլիոն ուկրաինացի՝ Գալիցիայում, Բուկովինայում և Հունգարիայի թագավորության կազմում գտնվող տարածքներում։ Ուստի հաբսբուրգյան ուկրաինացիներին միայն Գալիցիայի բնակչության հետ նույնացնելը նույնպես ճշգրիտ չէ։

1654 թվականը. Լիվենն այն օգտագործում է որպես ռուսական միապետության հետ ուկրաինական կապերի պատմական սահմանագիծ։ Խոսքը Պերեյասլավի համաձայնության մասին է՝ կազակական Հետմանության և Մոսկովյան պետության միջև։ Դա ամբողջ ներկայիս Ուկրաինայի միաժամանակյա միացումը չէր Ռուսաստանին։ Համաձայնության իրավական բնույթը՝ ռազմական դաշինք, հովանավորություն կամ ենթակայություն, պատմագրության մեջ տարբեր կերպ է մեկնաբանվել։

1945 թվականը. Արևելյան Գալիցիան խորհրդային Ուկրաինային միացվել էր արդեն 1939 թվականին՝ ԽՍՀՄ-ի՝ Լեհաստան ներխուժումից հետո։ Գերմանական օկուպացիային հաջորդեց խորհրդային իշխանության վերադարձը, իսկ 1945 թվականի խորհրդա-լեհական սահմանային համաձայնությունը հաստատեց հետպատերազմյան տարածքային կարգավորումը։ Հետևաբար Լիվենի օգտագործած 1945 թվականը պետք է հասկանալ որպես այդ կարգավորման ամրապնդման, ոչ թե Գալիցիայի առաջին խորհրդային միացման թվական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում