Գլխավոր Լրահոս

Կեղծ իրանական տեսանյութը և Հայաստանի ԱԲ կենտրոնի թիրախավորումը

Նկարը մշակվել է արհեստական բանականության միջոցով

Նկարը մշակվել է արհեստական բանականության միջոցով

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը շարունակում է մնալ ռուսական Storm-1516 ապատեղեկատվական ցանցի թիրախում։ Այս անգամ կեղծ պատմություններ կառուցվում են ամերիկյան Firebird ընկերության՝ NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ԱԲ տվյալների կենտրոնի շուրջ։

X սոցիալական ցանցում հուլիսի 7-ից տարածվում են գրառումներ, թե Իրանը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին և որպես հնարավոր թիրախ ներկայացնելով Հայաստանում կառուցվող ամերիկյան արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնը։

«Կադրերում երևում է նաև Հայաստանում գտնվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի ոչնչացումը, որը պատկանում է ամերիկյան «Firebird» ընկերությանը և, ըստ ամենայնի, «թիրախների հայտնաբերման տվյալներ» է տրամադրում ԱՄՆ հարձակումների համար»,- գրված է գրառումներում։

Տեսանյութում գրվում է, թե ԱՄՆ-ն հունիսի 27-ին խախտել է հրադադարը, իսկ այդ գործողությունն ու Վաշինգտոնին աջակցությունը «անպատասխան չեն մնա»։ Հրազդանում կառուցվող Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնը ներկայացվում է որպես ԱՄՆ ռազմական գործողություններին ծառայող հետախուզական ենթակառուցվածք, իսկ այն աջակցողներին սպառնում են պատժել «մեղսակցության» համար։

Տեսանյութը կից պնդումներով առաջինը հրապարակվել է արաբալեզու «Պատերազմի ուսումնասիրությունների հեռանկարներ»՝ Roaa War Studies (@RoaaWarStudies) հաշվում, որն ունի շուրջ 570 հազար հետևորդ և ներկայանում է որպես ռազմական ու աշխարհաքաղաքական թեմաներ լուսաբանող հարթակ։ Սակայն էջի տարածած պնդումներն ու նախկին հրապարակումները ցույց են տալիս, որ այն պարբերաբար ներգրավվում է չստուգված և կեղծ տեղեկությունների տարածման մեջ։ 

Դեռևս չգործարկված կենտրոնի թիրախավորումը 

Իրանն իսկապես հունիսի 27-ին հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման մասին, սակայն տարածվող տեսանյութը և դրանում ներկայացված պնդումները չեն հրապարակվել իրանական որևէ պաշտոնական աղբյուրում։

Տեսանյութում հիշատակվող նախագիծը Firebird ընկերության՝ NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ԱԲ հաշվարկային կենտրոնն է։ Այն նախատեսված է արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ հաշվարկային հզորություններ տրամադրելու նպատակով։

Մինչդեռ տեսանյութում կենտրոնը ներկայացվում է որպես ԱՄՆ ռազմական հարձակումների համար հետախուզական և թիրախավորման տվյալներ տրամադրող ենթակառուցվածք։ Այս պնդումը ոչ միայն որևէ ապացույցով չի հիմնավորվում, այլև հակասում է նախագծի փաստացի վիճակին․ կենտրոնը դեռ չի գործարկվել, իսկ դրա առաջին փուլը նախատեսվում է շահագործման հանձնել միայն հուլիսի 15-ին։ Հետևաբար այն չէր կարող արդեն իսկ ԱՄՆ ռազմական գործողություններին տվյալներ տրամադրել։

ԱԲ կենտրոնն առաջին անգամ չէ, որ թիրախավորվում է ապատեղեկատվական պնդումներով։ Նախկինում այն ներկայացվել էր որպես քաղաքացիների տվյալները հավաքող և ԱՄՆ շահերին ծառայող հարթակ, մինչդեռ կենտրոնը տվյալներ չի հավաքելու կամ պահելու և գործելու է միայն որպես հաշվարկային ենթակառուցվածք։

Տես՝ Դավադրապաշտական պնդումներ Հայաստանի AI կենտրոնի շուրջ՝ կրեմլամերձ աղբյուրից

Կեղծիքի տարածման շղթան․ Roaa War Studies և Truth Teller հաշիվների ձեռագիրը

Roaa War Studies-ում հրապարակվելուց հետո տեսանյութը տարածվել է X-ի ավելի քան 20 այլ հաշվում։ 

Roaa War Studies-ի անունն ավելի վաղ հայտնվել էր նաև ֆիննական CheckFirst հետաքննական կազմակերպության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ տարածված ապատեղեկատվության վերաբերյալ զեկույցում։ Հետաքննության համաձայն՝ հաշիվը մի շարք այլ հաշիվների հետ տարածել է Storm-1516-ի կեղծ տեսանյութերն ու կեղծ լրատվական կայքերի հղումներ՝ թիրախավորելով Հայաստանն ու գործող իշխանություններին։ 

Storm-1516-ը ռուսական ծագմամբ համակարգված ապատեղեկատվական ցանց է, որը կեղծ նարատիվները տարածում է ԱԲ-ով ստեղծված տեսանյութերի, deepfake-երի, իրական լրատվամիջոցները նմանակող կայքերի և բազմաթիվ սոցիալական հաշիվների միջոցով։

Հուլիսի 7-ի տեսանյութը ռուսական Gnida Project հետազոտական նախաձեռնությունը ևս դասել է ռուսական Storm-1516 ապատեղեկատվական ցանցի գործողությունների շարքին։

Տեսանյութը հրապարակել է նաև Truth Teller հաշիվը, որին #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է։ Այն ևս ներգրավված է Storm-1516 արշավներում։ 

Truth Teller-ի և Roaa War Studies-ի հրապարակումների համադրությունը ցույց է տալիս, որ խոսքը մեկանգամյա տարածման մասին չէ։ Երկու հաշիվներն էլ պարբերաբար շրջանառում են նույն կամ փոխլրացնող կեղծ նարատիվները՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի, արտաքին հարաբերությունների և ԱԲ կենտրոնի վերաբերյալ։

Մասնավորապես, հունիսի 24-ին Truth Teller-ը, իսկ հետո նաև Roaa War Studies-ը տարածել էին մեկ այլ կեղծիք, թե իբր NVIDIA-ն տեկտոնապես ակտիվ գոտում է կառուցում ԱԲ կենտրոնը, և ըստ սեյսմիկ ծառայությունների՝ առաջիկա 35 օրում սպասվող 7,4 մագնիտուդով երկրաշարժը կոչնչացնի այն։ Թեմային անդրադարձել են նաև Factor TV-ի մեր գործընկերները։ 

Իրականում տարածվող գրառումներում նշված հոդվածը հրապարակվել էր հանրահայտ TechCrunch-ին նմանակող կեղծ կայքում, իսկ կից տեսանյութն ամբողջությամբ գեներացվել է արհեստական բանականությամբ։

Հուլիսի 1-ին նույն հաշիվները շարունակել էին կենտրոնի շուրջ կեղծ նարատիվի զարգացումը՝ պնդելով, թե Firebird-ի ներդրումը վտանգված է Հայաստանի «հնամաշ և անկայուն» էլեկտրացանցի պատճառով։

Նրանց համընկնող ակտիվությունը չի սահմանափակվել ԱԲ կենտրոնով։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրը երկու հաշիվներն էլ տարածել էին կեղծ տեսանյութ, թե իբր ոչնչացվում են ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները։ Մեկ այլ հրապարակմամբ էլ տարածել էին, թե Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազա տեղակայել։

Roaa War Studies-ը տարածել էր նաև մեկ այլ հորինված տեղեկություն, թե Վլադիմիր Զելենսկին Հայաստանում ԱԹՍ-ների բազաներ է ստացել՝ Իրանի վրա հարձակվելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանը «ուրախությամբ ստորագրել է փաստաթղթերը»։ Պնդմանը արժանահավատություն հաղորդելու համար այն վերագրվել էր Middle East Eye պարբերականին, որը նման հրապարակում չէր արել։

Այսպիսով, ԱԲ կենտրոնի վերաբերյալ իրանական «սպառնալիքն» ու ԱՄՆ ռազմական հարձակումների համար տվյալներ տրամադրելու պնդումը հորինված են։ Կենտրոնը դեռ չի գործարկվել, իսկ դրա «ոչնչացումը» պատկերող տեսանյութը տարածվել է այն նույն հաշիվների միջոցով, որոնք նախկինում ևս ներգրավված են եղել Storm-1516-ի՝ Հայաստանը թիրախավորող ապատեղեկատվական արշավներում։

Փաստերի ստուգում

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում