Թուրքիան վաճառում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը Պարսից ծոցի արաբական երկրներից մեկին, գրել է թուրքական Hurriyet-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։ Թերթը թեև չի հստակեցրել գնորդ երկրին, բայց հիշատակել է Արաբական Միացյալ Էմիրությունների ու Կատարի մասին և վստահեցրել, որ գործարքի մասին շատ շուտով հայտնի կդառնա պաշտոնապես։ Ինչու է Անկարան հրաժարվում ռուսական համակարգերից, ինչ սցենարներ են հնարավոր Թուրքիա-ԱՄՆ ռազմատեխնիակական համագործակցության ասպարեզում։
Անկարայի որոշումը, որը մեծ պատկերում միտված է Հյուսիսատլանտյան դաշինքում՝ ՆԱՏՕ-ում ավելի մեծ ներգրավվածությանն ու հատկապես Միացյալ Նահանագների հետ կապերի խորացմանը, ենթադրում է նաև հստակ սահմանված իրավական գործընթաց։ Ռուսական համակարգերը Թուրքիայի տարածքում չլինելը ԱՄՆ-ի նվազագույն և առանցքային պայմանն է, առանց որի Թուրքիայի համար անհնարին կլինի դուրս գալ ամերիկյան ռազմական և տեխնոլոգիական մատակարարումների սահմանափակումներից և հասնել նոր գործարքների, որի կարիքը զգում է հատկապես թուրքական ռազմաարդյունաբերությունը։
Թուրքիան 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը գնել է 2017 թվականին՝ չնայած քաղաքական հետևանքների մասին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և հատկապես Միացյալ Նահանգների նախազգուշացումներին։ Դաշնակիցները հստակ ընդգծում էին ամերիկյան կործանիչների և ռուսական պաշտպանական համակարգերի համատեղ օգտագործման անհնարինությունը՝ մտահոգվելով, որ F-35 կործանիչների տեխնոլոգիաները կարող էին հետախուզությամբ անցնել ռուսական կողմին։
ԱՄՆ-ն 2019-ին Թուրքիային հեռացրեց ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից, իսկ 2020-ին պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության նկատմամբ։
Ռուսական S-400-ների վաճառքի վերաբերյալ Թուրքիայի քաղաքական որոշումը հետևում է հուլիսի 7-8-ին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին և դրան նախորդած Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների ջերմացմանը։ Անկարան ներկայում տրամադրված է մեծ դեր խաղալ եվրոպական անվտանգային ճարտարապետությունում, ինչի մասին թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քանիցս հնչեցրած ուղերձները դրական արձագանք են ստանում Հյուսիսատլանտյան կառույցի եվրոպացի գործընկերների շրջանում։
Ինչի շուրջ են պայմանավորվել Անկարան ու Վաշինգտոնը
Թուրքիան սեփական հարկի տակ անցկացրած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նպատակ ուներ լուծել մի քանի խնդիր։ Դրանց մեծ մասը առնչվելով Միացյալ Նահանգներին՝ շղթայաբար առաջացել էին S-400-ների գնման հետևանքով։
Թուրքական կողմը փորձում էր հասնել իր պաշտպանական արդյունաբերության գործակալության նկատմամբ 2020-ին ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների (CAATSA) չեղարկմանը, ինչպես նաև F-35-երի գործարքի վերականգնմանն ու սեփական արտադրության KAAN հինգերորդ սերնդի կործանիչների համար շարժիչների ձեռքբերմանը։
Ամենադյուրին հարցը վերջինն է, քանզի այն պահանջում է պարզեցված ընթացակարգ։ Դոնալդ Թրամփն արդեն դիմել է Կոնգրեսին, և, ամենայն հավանականությամբ, կողմերը կհասնեն գործարքի, որը գնահատվում է մոտ 700 մլն դոլար։
Ինչ վերաբերում է մյուս երկու հարցին, ապա դրանք անգամ ամերիկյան կողմի քաղաքական կամքի պարագայում տարբեր աստիճանի բարդության իրավական գործընթացներ են։
Պատժամիջոցների չեղարկման հարցում, որը հիմնականում ենթադրում է թուրքական կողմին մի շարք զինամթերքի մատակարարման սահմանափակում, ԱՄՆ նախագահը կարող է միանձնյա որոշում կայացնել։ Սակայն Թուրքիան պարտավոր է ազատվել S-400-ներից և համանման համակարգերից, ինչպես նաև երաշխիքներ տրամադրել հետագայում ռուսական զենք չգնելու մասին։ Հետևաբար՝ այս տրամաբանությունից է պետք դիտարկել թուրքական կառավարության S-400-ները վաճառելու որոշումը։
Ինչ վերաբերում է F-35-երին՝ դրանց հարցը ամենաբարդն է, քանի որ ամերիկյան կործանիչների փոխանցման հարցը վեր է երկու երկրների նախագահների հնարավոր մտադրությունից։ Այն կապված է ԱՄՆ Կոնգրեսի հետ, որը ժամանակին առանձին սահամանփակում էր մտցրել Թուրքիա F-35-երի մատակարարման հարցում։ Դրանով հարցի վերանայումը Կոնգրեսի վերահսկողությամբ պետք է կանոնակարգվի Պենտագոնի տեխնիկական գնահատականներով և այլ գործընթացներով։
Խոսքը երկարատև իրավական գործընթացի մասին է, առանց որի, ամերիկյան կողմը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող մատակարարել վեց կործանիչ, որոնց համար Թուրքիան նախապես վճարել է նախքան համատեղ արտադրության ծրագրից դուրս մնալը։
Ներկա իրավիճակում միակ գործարքը, որը կարճ ժամանակում կարող է տեղի ունենալ կողմերի միջև՝ KAAN-ի շարժիչների հարցն է, որը Վաշինգտոնի կողմից նաև ազդակ կլինի հարցերը փոքր թվացող թեմաներից սկսելու համար։
F-35-երը սպառնում են փոխել հավասարակշռությունը
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ջերմացումն ու ամերիկյան F-35 կործանիչների քննարկումների ակտիվացումը, որքան էլ դրանք նախնական փուլում լինեն, անհանգստացնում են մի շարք երկրների։ Խոսքն առաջին հերթին մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի հիմնական մրցակիցների և միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների մոտ դաշնակիցների մասին է՝ Իսրայելի ու Հունաստանի։
Այդ երկու երկրները F-35-երի քննարկումների համատեքստում արդեն իսկ իրենց անհանգստությունն են հայտնել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պնդել է, որ Թուրքիայի սպառնալիքները հրեական պետությանը ավելի քան իրատեսական են։ Իսկ Հունաստանը կոչ է արել F-35-երի հնարավոր վաճառքի հարցում հաշվի առնել իր շահերը։ Հունաստանը, որը երկար ժամանակ հավասարակշռություն էր պահպանում Թուրքիայի հետ հարաբերություններում օդային գերակայության տեսանկյունից, հիմա լուրջ մտավախություններ ունի այդ հավասարակշռությունը կորցնելու առումով։
Գեորգի Միրզաբեկյան











