100-ից ավելի հանրային գործիչ հայտարարությամբ աջակցել է Ծառուկյանին

Հանրային կյանքի տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ և մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հայտարարության հեղինակները նշում են, որ մտահոգված են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններով և պահանջում են դադարեցնել դրանք։
«Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։ ... Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները նաև պնդում են, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների գործունեության խաթարումը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա՝ նշելով, որ դա վնասում է արտադրական գործընթացներին, հանգեցնում է աշխատատեղերի կորստի և հարվածում Հայաստանի ներդրումային հեղինակությանը։
Հայտարարությանը միացել են մշակույթի, գիտության, սպորտի և հասարակական կյանքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Շուշան Պետրոսյանը,, Վիկ Դարչինյանը, Լիլիթ Բլեյանը, Սոֆի Մխեյանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։











