Գլխավոր Լրահոս

Նորաստեղծ նախաձեռնությունը պնդում է՝ «Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է»

Նորաստեղծ նախաձեռնությունը պնդում է՝ «Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է»

Հայկ Ղազարյան

«Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, իսկ քաղաքական բռնաճնշումները հասել են աննախադեպ ծավալների». հուլիսի 14-ին Երևանում հրավիրված ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկան նորաստեղծ «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» անդամները։ Նրանց խոսքով՝ նախաձեռնության նպատակն է փաստագրել քաղաքական հետապնդումները և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։

Այս նախաձեռնությանը մասնակցում են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պատգամավորներ Աննա Մկրտչյանն ու Էլինար Վարդանյանը, քաղաքագետներ Ստեփան Դանիելյանը, Երվանդ Բոզոյանը, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանը, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Սերգեյ Սարգսյանը, ինչպես նաև «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը։

Նախաձեռնության անդամներն ասացին, որ հանձնաժողովի նպատակն է փաստագրել քաղաքական հետապնդումները և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։

Նախաձեռնության մասնակից, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ գործող իշխանությունն ունի լեգիտիմության լուրջ խնդիր և, խախտելով սահմանադրական կարգը, փորձում է երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել։

«Գործող վարչապետը հայտարարում է, թե ով իրավունք ունի մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ։ Ավելին, այն ընտրողներին, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, նա հայտարարում է օրենքից դուրս՝ ասելով, թե նրանք իրենց ձայնը տվել են կաշառքով»,- ասաց նա։

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իշխանությունը այլախոհներին դիտարկում է որպես թշնամիներ, ինչի հետևանքով, նրա խոսքով, հասարակության մեջ տարածվել է այսպես կոչված «ներքին ռասիզմը»։

«Ցանկացած այլախոս Հայաստանում այս իշխանությունը ճանաչում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն։ Մենք պարտավոր ենք ինչ-որ ձևով միավորվել և վերջ տալ այս իրավիճակին»,- ասաց Ալավերդյանը։

Նախկին դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ քաղաքացիական հասարակության կառույցների անգործությունը իշխանություններին «կանաչ լույս» է տալիս բռնաճնշումներն ավելի կոշտ ձևերով իրականացնելու համար։

«Քաղաքացիական հասարակության կառույցները, գոնե դրանց գերագույն մասը օգնում է այս իշխանություններին ոչ միայն շարունակելու հետապնդումների ու բռնաճնշումների գործողությունները, այլև դրանք ավելի տարածելու և ավելի կոպիտ ու օրինախախտ ձևերով իրականացնելու»,- ասաց նա։ 

Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ, իր գնահատմամբ, «նիկոլական իշխանության» օրոք բռնաճնշումները տարբեր փուլեր են անցել, և այժմ հասել են ֆիզիկական հաշվեհարդարների ու բանտերում քաղաքական սպանությունների։

«Այս ամենի սկիզբը, ցավոք, երեկ չէր, սա սկսվել է հեռավոր 2018-ին։ Մենք որպես հասարակություն բավականաչափ միամիտ ենք գտնվել, և կարծում էինք, որ 2018-ին սկիզբ առած ատելության մթնոլորտը սահմանափակվելու է այս կամ այն քաղաքական խմբի շրջանակներում»,- ասաց Մկրտչյանը։

5-րդ և 8-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր Էլինար Վարդանյանը մատնանշեց, որ երկրում, իր գնահատմամբ, ստեղծվել է վախի մթնոլորտ՝ քաղաքական և հանրային գործիչներին մեկուսացնելու ու ընդդիմադիր ուժերին թուլացնելու նպատակով։

«Դրանով իսկ փորձել են գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի. այսօր կալանավորված են Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, տնային կալանքի տակ է Սամվել Կարապետյանը, իսկ քրեական գործով անցնում է Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Վարդանյանը։ 

Հանձնաժողովի նախաձեռնողները կարևորեցին հանրային իմունիտետի ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության գործուն միջոց։  Ըստ բանախոսների՝ ներկայիս պետական ինստիտուտները ձախողել են իրենց առաքելությունը և պատրաստ չեն զբաղվել քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում