Գլխավոր Լրահոս

Իսպանիա-Արգենտինա․ ինչով է առանձնահատուկ ԱԱ-2026-ի եզրափակիչը

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Սիրանուշ Ադամյան

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան հուլիսի 19-ին կվիճարկեն 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր տիտղոսը։ Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում կայանալիք հանդիպումը վերջին տարիների ամենասպասված եզրափակիչներից մեկն է․ այն միմյանց դեմ կհանի աշխարհի երկու ուժեղագույն հավաքականներին և տարբեր սերունդների երկու խորհրդանիշներին։

Լավագույնը՝ լավագույնի դեմ

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Արգենտինան առաջինն է, Իսպանիան՝ երկրորդը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ աշխարհի առաջնության եզրափակչում հանդիպում են վարկանիշային աղյուսակի առաջատար երկու թիմերը։

Երկու հավաքականներն էլ մրցաշարին մոտեցել են որպես գործող չեմպիոններ․ Արգենտինան աշխարհի և Կոպա Ամերիկայի հաղթողն է, Իսպանիան՝ Եվրոպայի չեմպիոնը։

Նրանց միջև կայացած 14 հանդիպումներում յուրաքանչյուրն ունի 6-ական հաղթանակ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ գոլերի հարաբերակցությունը 19։18 է՝ հօգուտ Իսպանիայի։ Աշխարհի առաջնությունում նրանք հանդիպել են միայն մեկ անգամ՝ 1966 թվականին, երբ Արգենտինան հաղթել է 2։1 հաշվով։

Տարբեր ճանապարհներ՝ դեպի եզրափակիչ

Իսպանիան մրցաշարի ընթացքում աչքի ընկավ կազմակերպված պաշտպանությամբ։ Չնայած մրցաշարը սկսեց Կաբո Վերդեի հետ անակնկալ ոչ-ոքիով (0։0), սակայն հետագայում դարձավ առաջնության ամենակայուն թիմերից մեկը։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականը մինչև քառորդ եզրափակիչ նույնիսկ գոլ չէր ընդունել և ամբողջ մրցաշարում բաց է թողել ընդամենը մեկ գնդակ՝ յոթ խաղում խփելով 13 գոլ։

Արգենտինայի ճանապարհը շատ ավելի բարդ էր։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը երկու անգամ հաղթողին պարզեց լրացուցիչ ժամանակում, երկու հանդիպմանը կամային հաղթանակ տարավ, սակայն բոլոր յոթ խաղերում նվազագույնը երկու գոլ խփեց։

Մեսսին՝ ընդդեմ Յամալի

Եզրափակչի գլխավոր ինտրիգներից մեկը Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի դիմակայությունն է։ Երկուսն էլ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սաներ են։

2007 թվականին «Բարսելոնայի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական ֆոտոշարքի ժամանակ 20-ամյա Մեսսին լուսանկարվել էր՝ լողացնելով մի քանի ամսական Լամին Յամալին։ Այդ լուսանկարը վերջին տարիներին դարձավ համացանցի ամենահայտնի լուսանկարներից մեկը, իսկ այժմ նրանք առաջին անգամ կհանդիպեն խաղադաշտում՝ աշխարհի առաջնության եզրափակչում։

39-ամյա Մեսսիի համար սա, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին աշխարհի առաջնությունը։ Նա հնարավորություն ունի դառնալու կրկնակի աշխարհի չեմպիոն և ևս մեկ անգամ ամրապնդելու իր տեղը ֆուտբոլի պատմության մեջ։

19-ամյա Յամալը համարվում է համաշխարհային ֆուտբոլի նոր սերնդի գլխավոր դեմքերից մեկը։ Եթե Իսպանիան հաղթի, նա կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մինչև 20 տարեկանը կնվաճի և՛ Եվրոպայի, և՛ աշխարհի առաջնությունների տիտղոսները։

Մարզիչների դիմակայությունն ու ռեկորդները

Եզրափակչում հետաքրքիր պատմություն կա նաև մարզիչների միջև։ Իսպանիայի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն տարիներ առաջ մարզչական դպրոցում դասավանդել է Լիոնել Սկալոնիին։ Այժմ ուսուցիչն ու նախկին աշակերտը կհանդիպեն աշխարհի գլխավոր մրցավեճում։

Հաղթանակի դեպքում Դե լա Ֆուենտեն կդառնա պատմության միայն երրորդ մարզիչը, որը կնվաճի և՛ Եվրոպայի, և՛ աշխարհի առաջնությունների տիտղոսները։ Իսկ Սկալոնին կարող է դառնալ պատմության երկրորդ մարզիչը, որը երկու անգամ անընդմեջ կհասցնի իր հավաքականին աշխարհի չեմպիոնության. մինչ այժմ դա հաջողվել է միայն իտալացի Վիտորիո Պոցոյին։

Իսկ Իսպանիան կարող է սահմանել նոր համաշխարհային ռեկորդ՝ երկարացնելով իր 37-խաղյա անպարտելի շարքը։

Եզրափակիչը կարևոր է նաև ֆուտբոլիստների անհատական նվաճումների տեսանկյունից։ Արգենտինայի հայտացուցակի 17 ֆուտբոլիստ արդեն աշխարհի չեմպիոն են դարձել 2022 թվականին և կարող են կրկնել այդ հաջողությունը։

Մեսսին շարունակում է պայքարը մրցաշարի լավագույն ռմբարկուի և լավագույն ֆուտբոլիստի կոչումների համար։ Նա կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը երեք անգամ կարժանանա աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Նա արդեն արժանացել է այս մրցանակին 2014 և 2022 թվականներին

Ի՞նչ են կանխատեսում բուքմեյքերները

Եզրափակչից առաջ բուքմեյքերները փոքր առավելություն են տալիս Իսպանիայի հավաքականին։ Իսկ Opta վերլուծական հարթակի սուպերհամակարգիչը Իսպանիայի հաղթանակի հավանականությունը 56,31 տոկոս է համարում, մինչդեռ Արգենտինայի հնարավորությունները գնահատում է 43,69 տոկոս։

Սակայն աշխարհի առաջնությունների պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ֆավորիտի կարգավիճակը հաղթանակի երաշխիք չէ։ Վերջնական պատասխանը կտրվի հուլիսի 19-ին՝ «MetLife» մարզադաշտում, որտեղ հայտնի կդառնա 2026 թվականի աշխարհի նոր չեմպիոնը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում