Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի հայցն՝ ընդդեմ Ռոման Բաղդասարյանի

Դատարանը հուլիսի 20-ին բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և փոխհատուցման պահանջով։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Կարեն Ջալավյանը։
Կարեն Ջալավյանը, որը հայտնի է «Քյոխ» մականունով, Արցախի «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատարն էր։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակել հերքում՝ հայտարարելով, որ 2026 թվականի փետրվարի 5-ին հրապարակած այն պնդումները, թե Կարեն Ջալավյանը «գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է զինվորներին, սովի մատնել, ինչպես նաև միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին», չեն համապատասխանում իրականությանը։
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100 հազար դրամ։
Հայցը դատարան էր ներկայացվել 2026 թվականի փետրվարի 26-ին։
Հայցադիմումով Կարեն Ջալավյանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել իր մասին տարածված տեղեկությունները՝ դրանք որակելով զրպարտություն, ինչպես նաև բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։ Դատարանը, սակայն, բավարարել է պահանջը մասնակի՝ սահմանելով 100 հազար դրամի փոխհատուցում։










