Դատարանը մերժել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած 2 միլիոն դրամի հայցը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ «Դատալեքսի»՝ Սիմոնյանը դատարան էր դիմել՝ պահանջելով Ղազարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Հայցով նախատեսվում էր, որ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում առնվազն հինգ աշխատանքային օրով պետք է հրապարակեր հերքում՝ «Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին» վերնագրով։
Հերքումը վերաբերում էր 2026-ի մարտի 9-ին 168․am կայքում և լրատվամիջոցի YouTube-յան ալիքում հրապարակված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» տեսանյութին։
Սիմոնյանը նաև պահանջել էր Ղազարյանից բռնագանձել 2 միլիոն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 560 հազար դրամ դատական ծախսերի համար, որից 480 հազարը՝ փաստաբանի վարձատրության, իսկ 80 հազարը՝ պետական տուրքի համար։
Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։ Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»։












