Իրանի նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հնարավոր չէ ապահովել ռազմական ճնշմամբ կամ Իրանի մեկուսացմամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանին անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կձևավորեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտաքին ուժերը։ Այս մասին Զարիֆը գրել է Foreign Affairs Magazine հանդեսում 2026-ի հուլիսի 20-ին հրապարակված հոդվածում։
Զարիֆը ներկայում Թեհրանի համալսարանի գլոբալ հետազոտությունների դոցենտ է, Possibilities Architects կազմակերպության հիմնադիրն ու նախագահը։ Նա նախկինում զբաղեցրել է Իրանի փոխնախագահի (2024-ին), արտգործնախարարի (2013-2021) և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնները։
Հոդվածում նա պնդում է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հունիսին Շվեյցարիայում ստորագրված փոխըմբռնման հուշագրի տապալումը պայմանավորված էր կողմերի տարբեր մեկնաբանություններով, որոնք հատկապես վերաբերում են Հորմուզի նեղուցի կառավարման և նավագնացության հարցերին։ Զարիֆի գնահատմամբ՝ այդ տարաձայնությունների պայմաններում նոր ռազմական բախումն «ավելի շուտ ժամանակի, քան հավանականության հարց էր»։
Միաժամանակ նա ընդգծում է, որ պատերազմի շարունակումը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի շահերից։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չի կարող ռազմական ճանապարհով վերացնել Իրանի քաղաքական համակարգը, իսկ Միացյալ Նահանգների երկարաժամկետ նպատակն իրականում տարածաշրջանից աստիճանաբար դուրս գալն ու ուշադրությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա կենտրոնացնելն է։ Այդ նպատակին, ըստ Զարիֆի, կարող են ծառայել միայն դիվանագիտությունը, նոր խաղաղության համաձայնագիրը և տարածաշրջանային անվտանգության նոր համակարգը։
Հորմուզի նեղուցը՝ որպես անվտանգության հարց
Զարիֆը պնդում է, որ Իրանը Հորմուզի նեղուցն այլևս դիտարկում է ոչ թե պարզապես առևտրային ուղի, այլ սեփական ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո Թեհրանը չի կարող տարբերակել, թե որ նավերն են տեղափոխում բացառապես քաղաքացիական բեռներ, և որոնք՝ ռազմական նշանակության տեխնիկա կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ։ Այդ պատճառով, ըստ նրա, Իրանը իրեն իրավունք է վերապահում սահմանափակել նեղուցով երթևեկությունը, քանի դեռ պատերազմը շարունակվում է կամ պահպանվում են տնտեսական պատժամիջոցները։
Միևնույն ժամանակ Զարիֆը նշում է, որ Հորմուզի նեղուցի փակումը չի կարող լինել երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ դա կարող է աշխարհին դրդել ստեղծել այլընտրանքային տարանցիկ ուղիներ և թուլացնել Իրանի ազդեցությունը։ Այդ պատճառով նա առաջարկում է ստեղծել Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ, որը կհիմնվի երկխոսության և փոխադարձ վստահության վրա։
Զարիֆի առաջարկած մոտեցմամբ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պետք է ձևավորվի փոխադարձ չհարձակման համաձայնություն։ Դրա շրջանակում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իրանի տարածքային ամբողջականությունը, վերացնի բոլոր պատժամիջոցները և հրաժարվի Իրանի նկատմամբ ահաբեկչության հետ կապված սահմանափակումներից, ինչպես նաև աջակցի պատերազմի հետևանքով երկրի վերականգնմանը։ Փոխարենը Իրանը պատրաստ կլինի ամրապնդել միջուկային զենք չտարածելու պարտավորությունները, այդ թվում՝ վավերացնել ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրությունը։
Իսրայելի քննադատություն
Հոդվածում Զարիֆը պնդում է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է հասնել կայուն խաղաղության, ապա պետք է վերանայի Իսրայելի դերը տարածաշրջանում։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելի կառավարությունները հետևողականորեն խոչընդոտել են Վաշինգտոնի նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել Իրանի հետ լարվածության նվազեցմանը։ Զարիֆը նաև մեղադրում է Իսրայելին Գազայում և Լիբանանում իրականացվող գործողություններով ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու մեջ և կոչ անում ԱՄՆ-ին իրական ճնշում գործադրել իր դաշնակցի վրա։
Տարածաշրջանը՝ առանց արտաքին անվտանգության երաշխավորների
Զարիֆը նաև ներկայացնում է Մերձավոր Արևելքի երկարաժամկետ զարգացման իր տեսլականը։ Նա առաջարկում է տարածաշրջանային անվտանգության մշտական երկխոսության ձևաչափ, խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության կոնսորցիում, ընդհանուր զարգացման հիմնադրամ, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ինտեգրում։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանի երկրները պետք է հրաժարվեն անվտանգության հարցում արտաքին ուժերի կախվածությունից և համագործակցեն միմյանց հետ։
Հոդվածի ավարտին Զարիֆը գրում է, որ Մերձավոր Արևելքի վերջին պատերազմները ցույց են տվել ոչ միայն ռազմական հակամարտությունների կործանարար հետևանքները, այլև այն, որ ուժի կիրառումն ունի իր սահմանները։ Նրա կարծիքով՝ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ արաբական երկրները պետք է ընդունեն, որ Իրանը տարածաշրջանի անբաժանելի մասն է, իսկ կայուն խաղաղությունը կարող է կառուցվել միայն տարածաշրջանի ժողովուրդների և պետությունների մասնակցությամբ, այլ ոչ թե արտաքին ուժերի կողմից պարտադրված լուծումներով։












